«Ես մկրտվել էի հայկական առաքելական եկեղեցում, որի արմատները ձգվում էին մինչև առաքյալների շրջանը». Անրի Վերնոյ
18.«Ես մկրտվել էի հայկական առաքելական եկեղեցում, որի արմատները ձգվում էին մինչև առաքյալների շրջանը»
Առաջին հաղորդության խնդիրը շատ էր անհանգստացնում աբբա Ֆ-ին, որովհետև Այդ նշանավոր օրվա համար նա ապահովել էր բարձր սրբազնություն եպիսկոպոսի արտակարգ ներկայությունը։ Այս իրադարձությունը վերաբերում էր հատկապես մեր դասարանին, որ հաղորդությունն ընդունելու տարիքին էր։ Եթե կրոնական կյանքի այս կարևոր փուլը որոշ տեղ էր գրավում ընդհանուր իրարանցման մեջ, ապա բավական շատ էր խոսվում սպիտակ թևկապերով նոր հագուստի մասին, կնքամոր կողմից նվիրվող ոսկեզօծ կողերով ժամագրքի մասին, հատուկ ընտրվող սրբապատկերի մասին, որի հակառակ երեսին տեղադրված է լինում հաղորդվողի ազգանունն ու ծիսակատարության թվականը, տատիկի արծաթյա վարդարանի և մանավանդ առաջին ոսկե ժամացույցի մասին, որ անպայման կնվիրեն հայրիկն ու մայրիկը։ Եվ այս առիթով աստվածը պիտի մայիս օրով՝ ձմեռ պապի զգեստ հագներ։
Աբբա Ֆ-ն զբաղվում էր բացառաաես հոգիներով, անդադար հարցեր տալով կրոնի մասին։ Դասարանի խորքից տեսնում էի, որ նրա մատները վեր են բարձրանում, անհամբեր ճրթում, որպեսզի երգեցիկ ձայնով արտասանել տային անգիր արված բանաձևերը։
Թեև հաստատ գիտեի, որ երբեք չէի մասնակցելու երջանիկ ընկերներիս պատմությանը, սակայն ապահովության համար կետ առ կետ սովորում էի այդ ամենը, չնայած ինձ երբեք չէին հարցնում։ Համենայն դեպս, յուրաքանչյուր քառորդի գնահատականներիս թերթիկում հայտնաբերում էի խորհրդավոր 8-ը 20-ի վրա, որ ես հավերժորեն քարշ էի տալիս «կրոնի դասի» դիմաց։
Կրոնի դասերից մեկի ժամանակ էլ տեղի ունեցավ միջադեպը։ Հարց տալու ցանկությամբ վեր անկված ցուցամատների անտառից աբրան խոսքը տվեց մի աշակերտի.
— Ասացեք, պարոն աբբա, ինչո՞ւ Մալաքյանը չի ստանում իր առաջին հաղորդությունը։
Բոլոր գլուխները միանգամից, ասես մատուռի զանգակի կանչով, շուռ եկան իմ կողմը։
Դասարանի խորքի իմ նստարանին կծկված, ինչպես բարձր խոտերի մեջ թաքնված նապաստակ, տեսա, որ երկինքը փուլ է գալիս գլխիս։
* * *
Ես մկրտվել էի հայկական առաքելական եկեղեցում, որի արմատները ձգվում էին մինչև առաքյալների շրջանը։ Քրիստոնեական այդ գաղտնի կրոնը թվականին դարձավ պետական, Հռոմից տասներեք տարի և Եվրոպայից հինգ դար առաջ։ Հազարավոր մարտիրոսների նահատակւււթյան վայրերում, հեթանոսական տաճարների ավերակների վրա Գրիգոր լուսավորիչը կառուցեց աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը, որի անունը հնչում է ալելույայի նման՝ «Էջմիածին», այսինքն՝ «իջավ աստծո որդին»։
Ահա այս եկեղեցում, 4-րդ դարի վերջին, Սահակ առաջին կաթողիկոսը և Մեսրոպ անունով մի վանական ստեղծեցին հայոց սքանչելի այբուբենը երեսունվեց գրերով, որոնք կարդացվում էին ձախից դեպի աջ, ինչպես արևմուտքում։ Այսպես, հազարամյա այս լեզուն, որ ստիպված են եղել արտահայտել հունարեն, լատիներեն, ասորերեն տառերով, ձեռք բերեց սեփական հատուկ գրեր։ Թարգմանվեց Հին կտակարանը, շարադրվեցին սուրբ ծեսերը, պատարագն ու սաղմոսները, և ահա դեպի իր ոսկեդարն ընթացավ հայկական հոյակապ մի գրականություն։
Այդ Ժամանակից ի վեր ոչ մի բան չի կարողացել հային բաժանել իր եկեղեցուց, որն իրեն ի սպաս է դրել հավատին, արվեստներին ու մշակույթին։
Ահա այդպիսի մի եկեղեցում, համեստագույն եկեղեցում, քահանան, ինձ պահելով մկրտության ավազանի վրա, երեք անգամ տվել է ավանդական հարցը.
— Երեխան ի՞նչ է ուզում։
Պատասխանել են.
— Հավատ, հույս, սեր և մկրտություն։
Այն ժամանակ քահանան երեխայի մարմինը երեք անգամ սուզել է մաքրագործող ջրի մեջ, ինչպես առաքյալների ժամանակներում, ապա մեռոնի մեջ թաթախված բթամատով խորհրդանշական խաչեր է դրել ճակատին, բերանին, աչքերին և ականջներին, այսպիսով օրհնելով միտքը, լեզուն, տեսողությունն ու լսողությունը։ Եվ մինչ զանգերը կղողանջեին՝ ավետելու փոքրիկ քրիստոնյայի ծնունդը, նա արտասանել է հետևյալ վերջին խոսքը.
— Քեզ մկրտում եմ հանուն հոր և որդվո և հոգվույն։
* * *
Քրիստոնյայի այս ինքնության վկայականը, որ կնքված էր աստծո սուրբ երրորդության անունով, այդ օրը հնացած էր թվում աբրա Ֆ-ին, կամ կային «բավական շատ կրոններ ատելության համար և բավական քիչ սիրելու համար»։
— Ասացեք, պարոն աբբա, ինչո՞ւ Մալաքյանը չի ստանում իր առաջին հաղորդությունը։
Հարցը չուներ այն միամիտ հետաքրքրասիրությունը, որ մեղմում է անշնորհքության պատճառած ցավը։ Իմ կողմը տնկված մեղադրական մատը ցույց էր տալիս «աստծո մերժյալին», ձայնի շեշտը հարձակողական էր և կրում էր «մատնության» տարրեր, իսկ դեմքը պատրաստ էր պահելու ապագա կեղծ բարեպաշտի բոլոր խոստումները։
Երեխայի հարցերը երբեք անմեղ չեն լինում։ Այս մեկը, օրինակ, կրում էր ժառանգական անհանդուրժողություն նրանց նկատմամբ, ովքեր իրենց ծննդյան աշխարհագրական պայմանների բերումով դեպի աստված տանող ճանապարհներից ընտրել էին փոքր-ինչ տարբեր երթուղի։
Հավատաքննչական փոքրիկ ատյանի և նրա՝ մոխրագույնից մանուշակագույնի փոխվող աբբայի դեմ, ես հայացքս հառել էի պատից կախված խաչելությանը։ Ճիշտ այդպիսի մի խաչելություն՝ ասես միևնույն վաճառականից գնված, ես տեսել էի մեր փոքրիկ, կիրակնօրյա եկեղեցում։ Այդ պահին հանկարծ աչքիս հայտնվեց մի այլ պատկեր, ամառային մի շոգ օր հայրս, ձեռքս բռնած, ինձ տանում էր այդ մատուռը։
* * *
Փոքրիկ եկեղեցու բակում քահանան սքեմը կախել էր միակ ծառից, որի տակ նստած էր։ Կռացել էր եռոտանուն դրված պղնձե թասի վրա, որը լի էր շիկացած ածուխներով և նշխարանման հացեր էր թխում, որոնք պիտի առավոտյան բաժաներ հաղորդվողներին։
Մեզ տեսնելով՝ քահանան նետվեց սքեմի կողմը, որ հագնի, բայց հայրս խնդրեց չանհանգստանալ։
Նստեցինք կրակարանի մոտ։
Երկար խոսեցինք։
Այրվող ածուխներն ու ամառային շոգը ծեր քահանայի դեմքին շարել էին քրտինքի խոշոր կաթիլներ, որոնք, հոսելով խոր կնճիռների միջով, կորչում էին երկար, սպիտակ մորուքի մեջ։ Նրա ինքնաշեն նշխարը, որին մի կերպ կլորավուն ձև էր տվել, տեղ-տեղ խանձվել էր և ոչ մի նմանություն չուներ այն ճեփ-ճերմակ նշխարների հետ, որոնք պատրաստում էր անհոգի մեքենան, կտրելով անթերի կլորությամբ և ծրարելով թխվածքի նման։
Բոլորի համար պատրաստվող այս միակ նշխարի անկատարությունից ավելի էր շեշտվում վաղ շրջանի եկեղեցու հմայքը և ձեռքի աշխատանքի ազնվությունը, ձեռք, որը պիտի օրհներ նշխարը և հաղորդություն տար։
Հաջորդ առավոտյան, կիրակի օրով, Մայրիկի, Աննա, Գայանե մորաքույրերի և հայրիկի հետ այդ մատուռում, առաջին անգամ նշխարից մաս ստացա… առանց ոսկեկող ժամագրքի, առանց արծաթյա վարդարանի և ոսկե ժամացույցի։
* * *
Այդ օրը, կաթոլիկ քրիստոնյայի իմ դատաստանագիրը պահանջող փոքրիկ հավատաքննիչի առջև, որքա՜ն ծանր եղավ մի քանի վայրկյանի ընթացքում կրել նախնիներիս հին եկեղեցու բեռը։
Կզակս հպած տետրերիս, որ ավելի փոքր երևայի, քան կայի, հանկարծ իմ լռությունը անսովոր սրությամբ ինձ թվաց ուրացում։
Այդ էր։ Ես ուղղակի դավաճանում էի իմ առնական, հեզ ու հանդուրժող եկեղեցուն, որ ամեն բանից անկախ միշտ մնացել է ողջ, այդ ժպտուն եկեղեցուն, որտեղ ամեն անգամ այնքան ջերմություն եմ զգացել։ Այդ իմ հավատավոր տարիքում որքա՜ն կուզեի մատուռից մատուռ մտնել, ինձ միշտ զգալով միևնույն տեղում, քանի որ մեկում հայերեն էր ասվում այն, ինչ մյուսում ասվում էր լատիներեն։
Եվ հաղորդության երկու սեղաններից էլ սիրով կընդունեի նշխարը, բայց աբբա Ֆ-ի համար ես «խորհրդածելու դեպք էի» և, համենայն դեպս, այստեղ կարող էի ընդունվել միմիայն չեղյալ հայտարարելով առաջինի մկրտությունը, որպեսզի վերամկրտվեի հանուն կաթոլիկ «հոր և որդվո և հոգվույն սրբո»։
Ես վեր կացա տեղիցս։
Օհ, ոչ թե սուր պատասխան տալու, որ երկար պիտի հիշվեր։ Ես ընդամենը տասը տարեկան էի, և ինձ համար դեռ շատ շուտ էր, որ պատասխանս լիներ կարճ ու կտրուկ, կոպիտ ու վիրավորական։
Այդ «ինչու Մալաքյանը չի ստանում իր առաջին հաղորդությունը» հարցին պատասխանեցի.
§ Առաջին հաղորդությունս արդեն ստացել եմ, բայց իմ եկեղեցում նշխարները չեն համարակալվում։ Իսկ դու… դու, գիտե՞ս ով ես…
Ես բառ էի որոնում, հնարավորին չափ կոպիտ բառ, որ արտահայտեր իմ ընդվզումը, բայց ընտրության պահն ընդհատվեց արբայի ճղճղան ձայնով.
— Դուք, փոքրիկ հայ, դուք…
Նա նույնպես բառ էր որոնում և արդեն գտել էր այդ բառը, բայց որովհետև աբբա էր, կուլ ավեց և խոսքը վերջացրեց այսպես.
– Դուք ձանձրացնում եք մեզ, լռեք, նստեք։
Ես լռեցի, բայց չնստեցի։ Գնացի ուղիղ դեպի դուռը։ Աբրայի մոտից անցնելիս, թատերական շարժում ով խոնարհեցի գլուխս, հետո դուրս գալուց առաջ բարձրացրի գլուխս և ասացի.
— Պարոն աբբա, ես խոնարհվում եմ ձեր սքեմի առջև։
Անշուշտ, իմը չէր հարգանքի այդ նենգ տուրքը զգեստին, անտեսելով նրա մեջ սողոսկած մարդուն։
Այդ նախադասությունը լսել էի հորիցս, ընկերներին արած պատմությունների ժամանակ։
Ես արդեն չէի հիշում պատմությունը, ոչ էլ այն հանգամանքները, որոնց մեջ հնչել էր նախադասությունը, րայց ինձ շատ էր դուր եկել, և ես կրկնեցի, այնքան էլ չպատկերացնելով ասածիս ծանրությունը։
Աբրան կաս-կար միր կտրեց։ Այդ ժամանակ, իր երկարաշունչ մենախոսությունն ավարտած դերասանի նման, որ հեռանում է բեմից, ես դուրս եկա դասարանից։
Դպրոցի ամայի միջանցքներում թափառելիս հանկարծ ուղեղս ծակեց իմ հանդգնությունը։ Ես արդեն նախատեսում էի շուտափույթ վտարում դպրոցից։ Թերևս նույնիսկ «ըմբոստի» պիտակը կպչեր ինձ և արգելեր սովորելու ուրիշ դպրոցներում։ Պատկերացնում էի մեր ընտանիբի չորս անդամների վշտահար դեմքերը։ Հարյուր անգամ մտքումս կրկնեցի իմ վերջին նախադասությունը, որ համոզվեմ, թե վիրավորական բան չկա այդտեղ։ Համենայն դեպս պետք է ընդունեի, որ բարոյապես կարգազուրկ էի արել աբբային, մերկացրել նրան, քանի որ խոնարհվում էի միայն նրա սքեմի առջև։
Ամբողջ օրը հայացքս հառված մնաց դասարանի դռանը, ամեն րոպե սպասում էի ճակատագրական՝ «Մալաքյան, անցեք պարոն Մելիզանի առանձնասենյակը» հրավերին։
Ոչինչ տեղի չունեցավ։
Ոչ այդ օրը, ոչ էլ հետագա օրերին։
Արդյո՞ք միջադեպի մասին զեկուցել էին ավելի բարձր տեղեր։ Երբեք չիմացա։ Մինչև մեծ արձակուրդը դեռ մի եռամսյակ ունեի և տասնյակ դասեր աբբա Ֆ-ի մոտ՝ մեր հոգիները կատարելագործելու և հղկելու համար։
Ոչ ոք չնկատեց, որ պարբերաբար բացակայում էի այդ ժամերին, երբ մեզ ուսուցանում էին «սեր նմանների» և «հարգանք ոչ նմանների» նկատմամբ։ Դպրոցի բոլոր lavabo-ները (ինչպես Անգլիայում են ասում) կամ waterclosets (ինչպես Ֆրանսիայում են ասում), ինձ ապաստան էին տալիս, ազատելով միջանցքներում անձուկ թափառումներից։
Միշտ էլ մի տեղ լինում է փրկության խարիսխ։ Այդպես էլ եղավ։ Ձևացնելով, թե «նման եմ» բոլորին, ովքեր յուրացնում են առաքինության ազնիվ դասերը, իմ գնահատականների թերթիկում մինչև վերջ կրոնի դասի դիմաց մնաց 8-ը 20-ի վրա անջնջելի դաջվածքը, նշելով աստծո հետ իմ միջակ հարաբերությունները։
Այնուհետև աբբա Ֆ-ի պատկերը քիչ-քիչ ջնջվեց իմ հիշողությունից։
Հետագայում, Բերնանոսի գրքում կարդացի. «Միջակ քահանան այլանդակություն է»։
Անշուշտ կան նաև շատ լավերը։
Ես բախտ չեմ ունեցել հանդիպելու նրանց։
Ընդհատակ անցնելու ու վհատության այն ժամերին ինքս ինձ խոստանում էի. «Մի օր, երբ մեծանամ, ինչպես սովորաբար ասում են փոքր ժամանակ, խելոք գրքերի մեջ պիտի որոնեմ «Աստծուն հավատում եմ»-ի բացատրությունը՝ բազմաթիվ մեկնաբանություններով։
Շարունակելի.
Անրի Վերնոյ «Մայրիկ»