• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Սուսաննա Բաբաջանյան. Մեր բակն ու «կախտականները»

Posted On 29 Apr 2015
Comment: 0
Tag: Սուսաննա Բաբաջանյան

1.


Շենքը, որտեղ ես էի ծնվել ու ապրել, եղեռնից փրկվածների, Պարսկաստանից գաղթածների զավակներ էլ կային: Դա քաղաքի ամենահին կառուցած քարե, ճարտարապետական բացառիկ գեղեցիկ, երեք հարկանի կառույց է, որտեղ 50-ականներից արդեն բնավորվել էին շրջանի պաշտոնյաների և գաղթածների ընտանիքները: 
Մանկուց ինձ միշտ հետաքրքրել էր՝ ինչու՞ են միանման որոշ ընտանիքներ բնակվում շենքի առաջին, նկուղային հարկում և բոլորն էլ մի տեսակ խեղճ էին, անսովոր աշխատանքներ էին կատարում և չէին խառնվում ասես շենքի բնականոն, ընդհանուր մթնոլորտին: 
Նրանց՝ մեզ տարեկից կամ քիչ ավագ, երեխաներն էլ էին այդպիսին՝ տարօրինակ, աղքատիկ շորերով, վախեցած, չար ու կայծկլտուն աչքերով և բոլոր խաղերում՝ ճարպիկ, հնարաստեղծ և պլստան:
Գաղափար չունեի, որ եղեռն է եղել աշխարհում, որ նրանք մի ուրիշ երկրից են մեզ մոտ եկել, մի ուրիշ՝ ավերվա՜ծ ու կորած Հայաստանից, և՝ նրանց անսովոր հայերենով խոսող, վախեցնող փոխաններ և շալեր կրող տատերն ու պապերը ինչու՞ բոլորովին նման չեն մեր տատ ու պապերին:
Միայն մի բան գիտեի. նրանց բոլորին ինչ-որ անհասկանալի երանգով և թաքուն, հարևանները անվանում էին «կախտական»  և դարձյալ չէի հասկանում՝ ինչու՞:  
Երբ մեզանից որևէ մեկը ցեխի, փոշու մեջ կորած, թափթփված շորերով բակից տուն էր գալիս, մայրս կարող էր ասել. «կախտակա՞ն ես դու, այս ի՞նչ է վիճակդ… ոնց որ կախտականին Թամոն լինես…»:
Ու ես երբեմն մտորում էի, փորձում էի բառի արմատից հասկանալ իմաստը՝ այն կապելով կախտականի վրայից կախկխված-թափված շորերի հետ:  
Ընդհանուր մի թերարժեքված վերաբերմունք էր տիրում բակի «կախտական»  ընտանիքների հանդեպ, ասես բոլորը նրանց այդ պիտակի մեջ մի շատ նվաստացուցիչ, վիրավորական և ծաղրական բան էին տեսնում, որն ինձ համար դարձյալ անհասկանալի էր: Մենք նրանց երեխաների հետ հավասար խաղեր էինք խաղում, հավասար կռվում և հաշտվում, հավասար գնում խնձորի և սալորի գողի, հավասար բաժանում ծոցներս լցրած խակ միրգը և համերաշխ մագլցելով շենքի տանիք, նստում արևից կեծացած թիթեղին, քրքջալով խրթխրթացնում և կոթերն ու կտիկներով թաց միջուկը, արդեն լիարժեք ձևավորված սալորի կորիզները երկնահաս շենքի տանիքից անվրեպ նետում ներքևում մեզ փնտրող տնամերձերի տերերի գլխին և հմտորեն թաքնվում…
«Կախտականի»  երեխեքը մեզ հետ սովորում էին նույն դպրոցում, մեզ հետ գիտելիքներով մրցում և երբեք այդ տարբերությունը մենք չէինք զգում, եթե միայն չլինեին նրանց կարկատած շորերն ու ծակծկված, ողջ ամառն անձրևներից սևացած-քրքրված սանդալ-կոշիկերը, որոնց բոլորովին կարևորություն չէինք տալիս, ասես չէինք էլ նկատում, որովհետև ամեն ինչում հավասար էին մեզ, երբեմն էլ գերազանցում էին՝ վազքում, գնդակի աճպարարություններում և տարբեր հնարքներում:   
Նրանց միակ ցավալի տեղը իրենց հայրերի ու մայրերի աշխատանքն էր, որը բնազդորեն զգում էինք և պատահում էր՝ կռվի թեժ պահերին, լացակումած և ճանկռտված՝ երեսներին բղավում: 
Դա ամենավերջին հաղթաթուղթն էր, որը պահում-պահում և ճարահատ, ուրիշ էլ ելք չտեսնելով, շրխկացնում էինք:   
Ընդամենը մեն մի հատիկ բառ էինք ասում, և վերջ, աշխարհը շուռ էր գալիս միանգամից: 
Օրինակ, զուգարան մաքրող «կախտական»  Բալասանի աղջկան, որի հոր անունն արդեն իսկ զվարճացնում էր մեզ, ուղղակի ասում էինք՝ Բալասան, և դրանով ամեն ինչ ասված էր, իսկ «պոլի փեդ», «բրդի ճպատ»  «լոբու ճախ»  սարքողի աղջիկներին ամեն անգամ մի նոր անունով էինք դաղում, տեսականին բազմազան էր…     
«Կախտական» Շամամի մինուճար և շլդիկ աղջկան, որը գլխից մի քիչ էլ թեթև էր, դարձյալ մոր անսովոր անունով էինք դաղում, որից նա, ի զարմանս մեզ, սկսում էր բարձրաձայն զռռոցը դնել, հարձակվում էր մեզ վրա, գետնից մեծ քարեր վերցնելով, ընկնում քրքջացող և սլացող խմբի հետևից, որն ավելի էր զվարճացնում մեզ և ավելի գազազեցնում իրեն: 
Որքան էլ մեզ համար փառահեղ լիներ պահը, և մեր սիրտը հովացնեին նրանց հանկարծակի կարմրելն ու լռվելը, պոչը քաշելը, որքան էլ հաղթինք այդ մեն մի հատիկ բառով, միևնույն է, պարտության զգացումը չէր լքում մեզ, որովհետև նրանք հակադարձելու բան չունեին, և առանց նրանց էլ ամառը, բոլոր խաղերը անգույն, անհետաքրքիր էին դառնում: 
Նրանցից ոմանք լուռ մոտենում էին և ցուցամատն ու միջնամատը բաց վիճակում մեկնում քեզ: Դու պետք է փակեիր այն, և երկար ժամանակ խռով մնայինք իրարից: Դա շատ տխուր և անվերադարձ ափսոսանքի պահ էր, որ կարող էր երբևէ պատահել մեզ: Այդ հանդիսավոր պահին դառնորեն փոշմանում և սթափվում էինք, բայց արժանապատվության հարց էր, արդեն հետ դառնալ չկա՜ր:  
Իսկ մենք հավանաբար շատ խորն էինք խոցում մեր «կախտական» ընկերներին, այնպես, որ նրանք մեզ հետ փակվում էին և երկար ու ձիգ օրեր էին պահանջվում մինչև նորից զույգ մատերը արդեն փակած վիճակում պարզեին մեզ, և մենք դրանք բացեինք ու հաշտվեի՜ինք…
Ինչ սքանչելի պահ էր, որ դարձյալ կարող էր պատահել մեզ… Եվ նորից երամի ամբողջական կազմով թռչու՜մ էինք՝ ավերելու շրջակա տնամերձերի նորահաս այգիները, հավերը քշելու չար և արտասովոր անեծք-հայհոյանքներ տեղացող պառավ նանիի անվերջանալի մեկնած բրդի քուլաների մեջ, չարաչք խոզ-Նինայի շուրջը վազվզելով՝ կսմթելու մեր փափուկ տեղերից և  ծիծաղից խեղդվելով, բարձրաձայն գոռալու. «Թու- թու չար աչք, խոզ Նինա, թու- թու աչք, խոզ Նինա…»  Այնքան էինք ասում, մինչև ծանրաքաշ, խոժոռ պառավը հունից դուրս գար, նստած տեղից ելներ և տղամարդու բամբ ձայնով սկսեր անհասկանալի բառերով ղժժալ… Եվ հետո մեր հորինած յուրօրինակ գաղտնալեզվով փոխանակվելով, մեղուների պարսի պես սլանալու հավի քամակ պտռող բիձա Արսենի ուղղությամբ, որի բերանում բառերը գլորվում էին քարերի ու խիճերի պես, իսկ գրկում միշտ ճղճղում էր այս կամ այն հարևանի ծեռտոտ հավը: 
Դա մեզ անասելի հրճվանք էր պատճառում, միաժամանակ, արդեն հասցրել էինք զարհուրանքով պարզել, որ նա, այդպես կենտրոնացած և կարևորված, հավի փորի ձու՜ն էր ուղղում, որ դժբախտ հավը կարողանար ձուն ածե՜լ…  

2.

Ամենաուժեղ պիտակը, որ կպցնում էինք մանկական կռիվների ժամանակ և որով էլ ավարտվեցին մեր մանկական չարաճճիությունները, «կուրկուտի»  Ժենիկի և հավի քամակ պտռող Արսենի երեխեքին տրվածն էր, որոնց հետ գրչածայրի խաղում ոչ մեկը չէր կարող մրցել: Նրանք մեր շենքում ամենաղքատ և իրենց բնակարանը հաճախ զարհուրելի սև, փակ մեքենայի կողմից ախտահարվող «կախտականներն»  էին և երեխեքն էլ՝ ամենախորամանկը: Գրչածայրի խաղն էլ հենց այնպես չէին խաղում՝ մեկ կոպեկի վրա:   
Աղջիկներով թափվում էինք տղաների գլխին և հիացած-տարված հետևում խաղին:
Բիձա Արսենի տղան միշտ հաղթում էր՝ ճարպկորեն չրթելով և շուռ տալով ծայրերը: Եվ ահա մի անգամ եղբայրս որոշեց մորս ոսկե ժամացույցի վրա խաղալ, քանի որ նա արդեն ոչ մի գրչածայր և մեկ կոպեկանոց չուներ… Եվ՝ տարվեց ժամացույցը: Արսենի տղան՝ Ավոն, ժամացույցը սուսփուս վերցրեց, մեր աչքի առջև քարով ջարդեց և դրեց գրպանը՝ մի լիքը բուռ գրչածայր բաշխելով երջանկությունից տեղը չգտնող եղբորս:
Օրեր շարունակ մայրս փնտրում էր իր ոսկե ժամացույցը, մինչև որ եղբայրս ինքը խոստովանեց, թե ինչ է արել և ինչպես է տանուլ տվել այն գրչածայր խաղալուց: Ժամացույցը հետ չբերվեց, բայց ահա եղբայրս երկար ժամանակ պատժված էր՝ ամռան արձակուրդի հրաշալի օրերին տնից դուրս չգալով:
Իսկ մենք՝ բակի հրոսակների խմբով, քուն ու դադար չունեինք: Արդեն շիտակն ու նենգը աններում տարբերակող մեր՝ երեխաներիս պատկերացմամբ դա ամենավատ բանն էր, որ Ավոն կարող էր անել: «Կուրկուտի»  Ժենիկն ու Արսենը կրակն էին ընկել մեր ձեռքին: Ամեն անգամ նրանց տեսնելուց, տասը-քսան աղջիկ-տղերքով «կուրկուտ»  և «հավի վեռ պտռող, եկ մեր հավը պտռի»  էինք գոռում և փախչում:     
Այդ օրերին այնքան կատաղեցրինք «կուրկուտի»  Ժենիկին, որ մի օր «հերներս թաղելով»  ինքն ու բիձա Արսենը հետևներիցս ընկան: Մարդ ու կնիկ տաս անգամ շնչակտուր պտտվեցին շենքի շրջանով, բայց չկարողացան մեզ բռնել, քթների տակով սուրում էինք և գոռում՝ «կուրկուտ, կուրկուտ, եկ մեր հավը պտռի…»:     
Երեկոյան մեր տան դռան զանգը տվեցին. «կուրկուտի»  Ժենիկն ու հավ պտռող Արսենն էին: Թղթի մեջ ոսկե ժամացույցից մնացած մի փոքրիկ կտոր էին բերել: Սևացած, քերծված, ջնջխված: Սուրբ Աստվածս կտրեց. ծնողներս հանկարծ չիմանայի՜ն իմ ցերեկվա արկածների մասին…
«Կուրկուտի»  Ժենիկը հատուցում էր բերել, որ բակի երեխեքի հալածանքից ազատվի: Գլուխս մտցրել էի գրքի մեջ, իբր տարված կարդում էի, բայց իրականում ողջ մարմնով դողում էի, սիրտս վախից թփրտում էր:    
«Կուրկուտի»  Ժենիկը հուզվել, մորս «բոյին մատաղ»  էր լինում, իսկ ահա բիձա Արսենն այնպես էր լարված-կկոցած աչքերի տակով նայում կնոջը, ասես հերթական հավի քամակն էր պտռում՝ լուրջ ու կենտրոնացած:
Ամոթից և սարսափից գետինն էի մտել: Հայրս սովորության համաձայն սկսեց կատակել, լիասիրտ ծիծաղել, ասելով, որ երեխեք են, ոչի՜նչ, բանի տեղ չդնեն, իսկ էդ երկաթի կտորը հարևանությունից թանկ բան չի, թող տանեն շպրտեն-գնա:
Մայրս սեղան բացեց, ես փրկված էի, բայց ահա այդ օրը վճռական եղավ ինձ համար: Երբ ծնողներս ուրախ սրտով նրանց ճանապարհել էին, մայրս տուն մտնելով, զայրացած ինձ նայեց ու ասաց.  «Աչքերդ հանելու եմ, դու էն չես, ինչ երևում ես…»:  
Պարզ է, միջանցքում «կուրկուտը»  մորս հասցրել էր մի կարճ բացվել իմ արկածների մասին: Տեղում սփրթնեցի, մնում էր՝ Աստված կանչեի, որ մայրս հորս չասեր, թեև գաղափար չունեի, թե հայրս ինձ ինչ կաներ, ամենավատը, որ մտածում էի՝ ինձ էլ հանկարծ չարգելե՜ր տնից դուրս գալ…
Թեպետ, արդար լինելու համար ասեմ, որ եղբայրս մի երկու օրից էլի տնից դուրս էր թռչել, բայց արդեն՝ մեր տան շրջակայքում հոսող Վարարակն գետում լողանալու : Իսկ ծնողներս, համոզված եմ, լավ էլ գլխի էին ընկել, մանավանդ,երբ գործից հետո տեսնում էին նրա ճակատին կպած-չորացած գանգուրները և՝ թե ոնց էր փորձում անմեղ ձևանալ, մի անկյուն քաշված, քթի տակ մրթմրթալով, գիրք կարդալ:

Հայրս տուն մտնելով, նստել և երկար ժամանակ, ասես վերացա՜ծ, խորհրդակցում էր մեր շենքի «կախտականների»  շուրջ, թե ինչքան խեղճ են նրանք ու մեղք, որ բոլորն էլ իրենց ճակատի քրտինքով ապրող, հալալ ժողովուրդ են, տուն-տեղ կորցրած, եկել են Հայաստան և՝ սա ի՞նչ ապրել է, որ իրենք են ապրում…   
Ակնթարթի մեջ աչքերս լայն բացվեցին. ահա թե ինչու էր մայրս երբեմն օգնում նրանց և ինչու էր աչք փակում, երբ մենք էինք մեր կարծիքով թաքու՜ն, իրականում՝ բացեիբաց, երբեմն տնից անհետացնում մեր շորերից, սանդալներից, դպրոցական իրերից, տանում և տալիս մեր «կախտական» ընկերներին և հետո չքմեղանում, թե իբր կորցրե՜լ ենք…
Եվ մեզ թվում էր՝ կարողացա՜նք խաբել մորս, այնինչ, պարզվում է, նա չնկատելու՜ն էր տալիս…
Իսկ երբ անհամբեր փողոց նետվելուց՝ ուտելու մի լավ բան՝ միրգ ու կոնֆետ, գաթա, թելի վրա գլխներիս չափ փունջ արած բալ ու կեռաս էինք տանում, միանգամից չորս-հինգ բաժին էինք վերցնում, այնքան, որ ձեռքներիս էլ տեղ չէր լինում… Եվ չանցած մի քանի րոպե, նորից վազելով տուն մտնում և ձև անում, իբր լրիվ կերե՜լ ենք և նորից ենք ուզում ուտել…
Որքան հիշում եմ, դա իմ մանկության վերջն էր, ես փոխադրվում էի հինգերորդ դասարան՝ բարդացված, լուրջ առարկաներ ուսումնասիրելու և այլևս ոչ մի կռվում, ոչ մի խաղերի ու խռովության մեջ ես իմ «կախտական» ընկերներին էլ չկանչեցի վիրավորական անուններով՝  Բալասան կամ Շամամ, Ավետիս- մոկնի թիս կամ հավ պտռող, Լալի կոկո կամ «լոբու ճախ» …
Այդպես էլ չկարողացա մոռանալ գլուխը ափերի մեջ, արմունկերով սեղանին հենված, հորս՝ այն գիշերվա տխուր և երազկոտ, խղճահարությամբ լի բառերը. «Ճակատի քրտինքով ապրող, հալալ ժողովուրդ են…Սա ի՞նչ ապրել է, որ իրենք են ապրում…»:  
Էլի տարիներ պահանջվեցին, որպեսզի ես հասկանայի, որ «կախտական»  բառը մեր չարաբաստիկ գաղթակա՜ն բառն էր, որն ինձ համար անծանոթ բառ էր և այն ժամանակ որքան էլ փորձեին բացատրել, միևնույն է, չէի՜ հասկանալու…   

Ժամանա՜կ էր պետք, որ նա՜և ցավով հասկանայի, որ եղեռն էր եղել հայոց աշխարհում, տնավեր գա՜ղթ, և որ մեր «կախտական»  ընկերները այդ գաղթի ու կոտորածի երրորդ սերունդն էին՝ տերևների պես քշված մեր մանկության և փողոցների գույզգույն, անվերադարձ կորած աշխարհ…

 

 

Սուսաննա Բաբաջանյան

 

0
0
Previous Story

Եւ գու գայ օրը, երբ այլեւս բնականօրէն ճանչցուած ձեր սրբութիւնը կը դառնայ կանոնականացեալ սրբադասում. Գարեգին Ա կաթողիկոս

Next Story

«Ես մկրտվել էի հայկական առաքելական եկեղեցում, որի արմատները ձգվում էին մինչև առաքյալների շրջանը». Անրի Վերնոյ

Related Posts

0

ԹԱՂՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԱՄԵՆ ԳԻՇԵՐ, ԲԱՅՑ ՄԻ ՄԱՀԻՑ ԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ…

Posted On 06 Feb 2017
, By Christina Abrahamyan
0

Սուսաննա Բաբաջանյան. ԹՈՆՐԱՊԱՂԱՃ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Posted On 30 Aug 2016
, By Christina Abrahamyan
0

Սուսաննա Բաբաջանյան. Մամ, չվախե՜ս…

Posted On 08 Jun 2016
, By Christina Abrahamyan
0

Այս նոր սերունդը սպիտակ գրատախտակ է, ապտակի ու ամոթի պես ծեփված մեր երեսներին

Posted On 17 Apr 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,361 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com