Վարդան Այգեկցի.Սադայելը իր գլուխը շարժեց Բարձրյալին հակառակ, որի համար նրան անվանում են հակառակորդ
Վարդան Վարդապետի խոսքը հպարտության մասին
Եվ արդ, որդյակնե~ր իմ ի միտ առեք, ամեն ոք, ով իր անձը բարձր համարի ընկերոջից կամ հարուստ, կամ գեղեցիկ, կամ սուրբ, կամ գիտուն և այս դիրքից հպարտանում, նախատում և արհամարելով ոտնատակ է տալիս աղքատներին, խեղանդամներին, մեղավորներին, դիվահարներին այդպիսին իրապես կամակտարն է և´ սատանայի, և´ նրա դևերի հանգստատեղին է:
Որի համր Աստծո մեծ նահատակը ասում է վիշապի մասին ճառի մեջ, թե. «Տեսա ահա վիշպի պարանոցին բնավորվել էր զորություն`այսինքն հպարտությունը, քանի որ սադայելը բարձրացրեց պարանոցը և ընդվզեց Աստծո դեմ և իր գլուխը շարժեց Բարձրյալին հակառակ, որի համար նրան անվանում են հակառակորդ, որի կատարողն էլ ինք էր»:
Եվ հպարտը նախ ճանաչվում է իր պարանոցով, խոսքով և հայացքով, որովհետև խոսելիս պարանոցը ետ է տալիս և ոչ թե խոնարհեցնում գլուխը, սիգալով է խոսում աղքատի և մեղավորի հետ և աչքն ու ունքը, արտևանուքները վեր բարձրացնում շարժում պարանոցը այս ու այն կողմ, կարծելով թե իր գլխի եղջյուրները հասել են երկինք: Եվ այդ պահին սիգապանծ ընթանում է ինչպես բարձրավիզ ձի, ճեմում է ինչպես աքաղաղ հավերի մեջ:
Եվ ճշմարտապես է, որ ասում է մարգարեն ի դեմս Աստծո, թե հրեշտակ ես կարծում, բայց իրո՞ք անմարմին ես, միթե՞ գերեզմանում չես դառնալու դիակ և փոշի, ապա ինչու ես սադայելին մեղադրում, թե հպարտացավ, չէ որ նա անմարմին լուսեղեն հրեշտակ էր, իսկ դու անասնական խոտաճարակ մարմնով հպարտանում ես, որ շուտով խոտի նման կթոռոմես և կանհետանաս` կարծես չէիր էլ եղել:
Նաև շատերին հերձվածողներից փառասեր հպարտությունը կործանեց և զրկեց Աստծո Որդու փառքերից:
Դարձյալ, շատերը հպարտությամբ ձեռնարկում են գործեր, որոնք վեր են իրենց կարողություններից և չեն կարողանում հասցնել մինչև վերջ, այլ մեռնում են այդ ծանրության տակ:
Ի հակադրություն սատանայի հպարտության` Քրիստոսն առավել խոնարհվեց և հրամայեց, թե ով բարձրամիտ է կիջնի անդունդ, ինչպես սադայելը, իսկ ով հեզ ու խոնարհ է կբարձրանա երկինք: Նույնը պատվիրեց նաև մեզ ասելով, թե սովերեցեք ինձանից, որ հեզ եմ և խոնարհ սրտով, և.«Երանի հոգով աղքատներին»:Եվ ամենքի բարի Հայր Աստված ասում է մարգարեի բերանով, թե.«Ես ապրում եմ հեզերի և խոնարհների մեջ, և նրանց մեջ ովքեր երկյուղում են իմ խոսքերից»: Դարձյալ մարգարեն գրում է, թե խոնարհ հոգին Աստծո պատարագն է և Աստված չի արհամարում խոնարհ հոգուն:
Եվ ո~վ մարդ, թե ցանկանում ես լինել ճշմարիտ ծառա և աշակերտ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն դու քեզ ավելի նվաստ և գարշելի համարիր ամենավերջին աղքատից ու հաշմանդամից, որոնք ծածկված են թարախապալարներով և աղբի մեջ են ապրում և դու քեզ ավելի զազրելի և մեղավոր համրիր, քան մարդասպաները, պոռնիկները և ամենամեծ չրագործները: Նաև, երբ սուտ տեղը զրպարտեն քեզ չարագործության մեջ, դու հեզությամբ ընդունիր և հավանություն տուր ասելով.«Ո~վ եղբայր, ես ավելի անօրեն եմ, քան որ ասացիր»: Եվ այս ամենը առանց բարկության և համբերությամբ պիտի տանես մինչև ի մահ` ըստ Քրիստոսի հրամանի:
Շարունակելի.
Նյութը հրապարակման պատրաստեց Վարդուհի ԱՂԱԲԵԿՅԱՆԸ