Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պիեսի բեմադրություն Ավստրալիայում
armeniangenocide100.org – ը գրում է.
Ս.թ. ապրիլ ամսվա ընթացքում Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ադելաիդա քաղաքի քաղաքական և մշակութային գործիչների ու ողջ հանրության ուշադրությանը կներկայացնի «Հավատքի ուղի» պիեսը: Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Ջոն Քոքսն է, ով արդեն 30 տարի զբաղվում է թատերական գործունեությամբ:
Պիեսն անդրադառնում է հայ ժողովրդի ողբերգական անցյալին՝ Հայոց ցեղասպանության տարիներին: Այն պատմում է Ադելաիդա գաղթած հայ կնոջ ուղու և նախկին Օսմանյան կայսրության զինվորի հետ նրա հանդիպման մասին: Հանդիպում, որտեղ հերոսների հավատքը ենթարկվում է անսահմանափակ և անկանխատեսելի փորձությունների, և հոգեկան ներքին խաղաղությունը նրանց անհավանական երազանք է թվում:
Իր պիեսում գրողն անդրադառնում է նաև Ցեղասպանությունից հետո Ավստրալիայի կազմակերպած օգնությանը՝ չմոռանալով պատվարժան Ջեյմս Քրեզվելի կատարած անվերապահ օգնությունը, ինչի շնորհիվ շատ հայ որբեր փրկվեցին և գոյատևեցին: Քրեզվելի և շատ ուրիշ ավստրալացիների շնորհիվ էր, որ 2009թ. Հարավային Ավստրալիայիխորհրդարանի Ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ամրապնդելով հայ-ավստրալական հարաբերությունները:
Պիեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել հետևյալ հղումով` http://www.armeniasa.com/UpcomingEvents.aspx: