Տեառնընդառաջ
Տեառնընդառաջ` գրաբարյան բառ է, բառի ստուգաբանությնն հետևյալն է՝ «Տիրոջն ընդառաջ ելնել» կամ «Տիրոջը դիմավորել», «Տիրոջն ընդառաջ գնալ»։ Ժողովրդի մեջ տոնը հայտնի է Տերընդեզ կամ Տերնտես, Տանդառեջ, Տնդալեշ անուններով, որոնք` ըստ մեկնիչների ծագել են «Տերն ընդ ձեզե անվանումից: Հայ Եկեղեցու անշարժ տոներից մեկն է և նշվում է ամեն տարի փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից 40 օր հետո:
Տոնը ունի Աստվածաշնչյան հիմք` ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ Հովսեփն ու Մարիամը` Յիսուսի երկրավոր ծնողները, 40-օրական մանուկ Հիսուսին ընծայբերում են Աստծուն` Երուսաղեմի տաճարում: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ. 2;22-24):
Արդ…Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար և նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ Տիրոջ Օծյալին տեսնելը: Սիմեոն ծերունին տեսնելով մանկանը՝ Տիրոջն ընդառաջ է գնում, այստեղից և առաջանում է տոնի անվանումը` «Տիրոջն ընդառաջ»:
Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը դղրդյունով բացվում է և մարդիկ ճրագներով դուրս են գալիս տներից տեսնելու, թե ինչ է կատարվում, և այդպիսով ակամա լուսավորում են Հիսուսին: Այստեղից է, համաձայն ավանդության, կրակներ վառելու սովորույթը:
Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան` եկեղեցակն օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ,այն ազդարարում է տոնի սկիզբը:Կանոնի հանձայն նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով վառում է Տեառնընդառաջի խարույկը` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տեառնընդառաջի պատարագի ավարտից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակ զույգերի օրհնության կարգ:Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սուրբ խորանների վարագույրները, և մատուցվում է բաց Պատարագ:
Տեառնընդառաջի տոնը հորդոր է ` Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո կամքը կատարելու:
Պ ա տ կ ե ր ա գ ր ո ւ թյ ո ւն: «Տյառնընդառաջ» թեմայի նկարներն ու բարձրաքանդակները հայկական մանրանկաչության մեջ պահպանվել է 11-րդ դարի մատյաներում: Պատկերում են Երուսաղեմի տաճարի դիմաց կամ ներսում քառասուն օրական Հիսուսին, որին Աստվածամայրն իբրև Հայր Աստծուն ընդառաջ գնալու խորհրդանշական քայլ, ներկայացնում է Սիմեոն ծերունուն և Աննա մարգարեուհուն: Սովորաբար, Մանկանը գրկած Մարիամը զբաղեցնում է պատկերի ձախ հատվածը, նրա կողքին կամ հետևում Հովսեփն է` ձեռքերում պահած երկու տատրակ:
Երբեմն կերպարների դասավորվածությունը փոխվում են. Հովսեփը գրկած է լինում Հիսուսին, Մարիամը հետևում է տեսարանին: Կենտրոնում տաճարի խորանն է, որի մեջ,որպես սրբության սրբոց հաճախ պատկերվում է ոսկե սափորն և Աստծո Ուխտի տապանակը: Կենտրոնից դեպի աջ պատկերվում են Սիմեոնը և Աննան:
Ե ր ա ժ շ տ ո ւ թյ ո ւն: Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները կանոնի շարականների հորինումը միահամուռ ընծայում են Մովսես Խորենացուն: Կանոնում առկա են ինչպես «չափավոր», այնպես էլ՝ «ծանր» տիպի երգեր, որոնք իրենց մեղեդիականոճական հատկանիշներով բնորոշ են Մովսես Խորենացու անվանն առնչվող առավել հավաստի շարականների ձայնեղանակային ինքատիպ հորինվածքին: Դրանցից նշելի են Տ-ի կանոնի «ծանր» Հարցը՝ «Օրհնեմք զքեզ», «չափավոր» Մեծացուսցեն՝ «Այսօր քրովբէական» կամ «չափավոր ծանր» Համբարձին՝ «Մարմնացեալդ ի Կուսէն»:
Վարդուհի ԱՂԱԲԵԿՅԱՆ