Ազգն առանց հացի կարող է տարիներով ապրել, առանց ոգու մեկ ակնթարթում կհանգչի
ՄՏՔԻ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ
-Ազգն առանց հացի կարող է տարիներով ապրել, առանց ոգու մեկ ակնթարթում կհանգչի:
-Գողին իսկույն ճանաչում են, քանի որ միամտորեն առաջինն է գոռում՝ գողին բռնեցեք: Լրտեսին դժվարանում են ճանաչել, թեկուզև տեղի-անտեղի ճղճղում է:
-Խելացի մարդիկ քննադատությանը պատասխանում են զուսպ ու կիրթ բառապաշարով, երբեք չմոռանալով, որ ամենաբռի քննադատն անգամ մարդ է: Դրան գումարած՝ սեփական արդարացիությունը: Անգետները քննադատելիս ձեռքը փրփուրներին են գցում՝ սկսում են հայհոյել ու վիրավորել: Դա նրանց միակ ,,փաստարկն,, է, որը սակայն սեփական մեղավորությունն է փաստում:
-Երազելիս երևակայությանդ սահմաններն ազատ արձակիր, զգացմունքներդ զեղիր, սիրտդ լայնորեն բացիր… գոնե այդ տարածքում սովորիր անվկա ճախրել:
-Բախտից երես առած մարդիկ ևս կյանքն ավարտում են նույն դիրքով, նույն վայրում: Այնպես որ բավարարվիր ճակատագրի փշրանքներով կամ գոնե դրանց ուրիշների աչքով նայիր:
-Անբարոյականին լքեցին, սպառնաց՝ մի մոռանա, որ որդիներ ունես:
-Չարչարվել արժե այն գործի համար, որի արդյունքներից ուրիշները ևս պետք է շահ ստանան:
-Անհամբեր իշխանափոխիչների հիմնական հույսը կիսագրագետ-կիսաքաղց ամբոխն է, որը չնայած իր այդ վիճակին ու գուցե այդ պատճառով, ճակատներ փոխելու ռեկորդակիր է:
-Քաղաքական դաշտն ամայի հողակտոր է, որտեղից յուրաքանչյուն աշխատում է ամենաշատ բերքը հավաքել: Բայց քանի որ գոնե մի հատիկ սերմ չի ցանել՝ բերքի փոխարեն փոշի է հնձում: Բերքն այդ դաշտից մի քիչ հեռու է աճում, դա էլ չլիներ՝ ոչ մի պետություն ոտքի վրա չէր մնա:
-Վատ հիշողությունն իրոք լավ առողջության գրավական է, բայց ո՞ւմ է պետք անգիտակից երջանկությունը:
-Կաշառք չվերցնողը կաշառակերությունն անվերապահորեն քննադատում է: Երբ թեկուզ մեկ անգամ կաշառք է տալիս՝ սկսում է թեման շրջանցել: Իսկ երբ ինքն է կաշառակերությամբ զբաղվում՝ ստիպված ընդունում է, որ կաշառակեր չեն ծնվում, դառնում են:
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
8.02.2015թ.