Հրաչուհի Փալանդուզյան. Քաղաքական սիրավեպ (սկիզբը` նախորդիվ)

ՆԱԽԱԳԱՀԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
42.
Միակ բարիքը, որ Հայաստանի ժողովրդին վերադարձրին Երրորդ Հանրապետության առաջին իշխանությունները, էլեկտրական հոսանքն է:
Հիմա, երբ բոլոր տներում անխափան լույս կա, այսինքն՝ երբ ուզենաս՝ ճաշ կեփես, երբ ուզանաս՝ հեռուստացույց կնայես կամ կրակի ճարակից փրկված գրքերը կկարդաս, խոսում են, որ անլուսության դաժան տարիները ոչ թե գազատարի պայթյունների կամ հնարովի այլ պատճառների հետևանք է եղել, այլ ամենաիսկական էլեկտրական տեռոր՝ հարստահարիչների անտակ գրպանները լցնելու և հընթացս ժողովրդի մեջ ընդդիմանալու մղումը սաղմի մեջ խեղդելու համար:
Հոսանքը իշխող կուսակցության դեղին հույսն է, որ 1996-ին բացահայտ կեղծումով նախագահ հռչակված իրենց բարերարը գոնե մի ժամանակահատված ևս կմնա իշխանության գագաթին ու կապահովի միասնական բարեկեցությունը:
Այսուհանդերձ, արդյունաբերությունը, որպես այդպիսին, նվում է իր լռության սիմֆոնիան: Աղետի գոտին ինչպես թշվառության կիսավեր վկայագիր եղել է՝ այդպիսին էլ մնում է: Արտագաղթը մոլեգնում է քիմիական հսկայական փորձանոթի պես, որում միախառնել են ամենաանհամատեղելի նյութերը և որտեղից ելք է փնտրում միակ օտար նյութը՝ մարդը:
Փախչում են՝ ով կարող է և որ ուղղությամբ կարող է: Գործազրկությունն ուղիղ համեմատական է աշխատատեղերի փոշիացմանը և նորերի չգոյությանը:
Ցերեկն իշխանասեր արևը սրբագրում է պաշտոնյաների չարագործությունների հետքերը՝ մարդկանց հայացքները շեղելով դեպի բնության գեղեցկությունները: Իշխանատյաց լուսինը թույլ է՝ չի կարողանում մթամութ փողոցների խորդուբորդությունները թաքցնել կամ գոնե այնքան լուսավորել, որպեսզի ինչ-որ տեղ աշխատանք գտած քաղաքացիները կամ դասերն ավարտած ուսանողները անվնաս տուն հասնեն:
-Հիմա ի՞նչ, ուզում ես ասել, որ իշխանությունների մեղքո՞վ ընկար ու ոտքդ ջարդեցիր:
Արսենը Վանուհուն այցելեց դեպքի մասին իմանալուց երեք օր անց, այսինքն՝ այն ժամանակ, երբ անտանելի ցավը մեղմացել էր՝ տիրոջը վերադարձնելով խոսելու, նույնիսկ դատողություններ անելու տրամադրությունը:
-Ի՛նչ ես ասում, սիրելիս, դուք բոլորդ անմեղ հրեշտակներ եք, զարմանում եմ, թե միջազգային հանրությունն ինչո՞ւ ամեն մեկիդ մի զույգ ճերմակ թև չի նվիրում:
-Փոխարենը դու ինչքան կարողանում՝ մեզ հանցանքներ ես վերագրում: Ինչո՞ւ չես հանգիստ ապրում, Վանե, կարող էիր, չէ՞, առաջարկներիցս մեկն ընդունել, փող աշխատել, տունդ էլ կարգին պահել, էս ի՞նչ վիճակում ես, սիրտս մղկտում է շուրջս նայելիս: Սա՞ է քո ստացած ժառանգության արդյունքը: Ասենք, ի՛նչ ժառանգություն, ամբողջը մի կոպեկի պես հայ ազգին ես նվիրել:
-Ես դա քեզ հետ չեմ քննարկի: Անկեղծորեն ասած, հիմա ինձ միայն մի հոգս է սպանում, Արսեն, Արմանի ծառայությունը: Մնացած ամեն ինչին պատրաստ եմ դիմանալ, միայն թե խաղաղություն լինի, մեր տղաներն անփորձանք ծառայեն, վերադառնան: Ես քո նախագահին էլ պատրաստ եմ ներել իր չընտրվելը, եթե կարողանա խաղաղությունը պահպանել, հերիք են յոթ հազար զոհերը, պատանդներն ու ռազմագերիները: Սարսափելի է նրանց մայրերի վիճակը, ամեն օր մեկը գալիս է մեր հիմնադրամ, օգնություն աղերսում, չես պատկերացնի՝ ինչքան մեղք են:
Արսենն այդ բոլորը շատ լավ գիտեր, բայց.
-Ինչո՞ւ ինձ տեղյակ չպահեցիր, որ Արմանին թույլ չեն տվել քննությունը երկրորդ անգամ հանձնել ու միանգամից գործերը զինկոմիսարիատ են տարել: Մի բան կանեի, գոնե Ղարաբաղ չէր հասնի: Լա՛վ քույր ես, կես տարի է անցել՝ ես նոր եմ իմանում, որ զարմիկս Մարտակերտի չգիտեմ որ գյուղում հրետանավոր է:
-Պրոռեկտորն ինձ խնդրեց, որ չբողոքեմ, որովհետև եթե իմ տղայի գործերը զինկոմիսարիատում քննեին, իրենց բոլոր մեքենայությունները կպարզվեին:
Միջանցքում կանգնել՝ ուղղակի խնդրում էր:
-Թող պարզվեին, դու քո տղայի հարցն էիր ուզում լուծել, հիմա ո՞վ կարող է դրա համար պատասխան տալ:
-Ռեկտորը խոստացավ, որ ծառայելուց հետո նրան հնարավորություն կտա ոչ թե ռադիոֆիզիկայի, այլ իր ցանկացած ֆակուլտետում սովորել, էլի անվճար:
-Ու դու էլ հավատացիր, հա՞: Միամիտ ես, Վանե, միամիտ, դու չես մեծանում, աչքերդ էլ չեն բացվում: Հիմա որ մի բան պատահի…
-Աստված չանի, ասում են, որ Ղարաբաղի բանակում ծառայելն ավելի տանելի է, քան Հայաստանում, ես դրան եմ ուզում հավատալ: Ինքն էլ, գիտե՞ս, միշտ հումորով նամակներ է գրում, միայն թե ծանր բրոնխիտ տարավ, Հակոբը մի քանի անգամ գնաց-եկավ, ասում է՝ հիմա ոչինչ, ջերմություն չունի, չի հազում:
-Էդ էլ քո լավը:
-Մեր երկիրն է՝ մեր բանակն է պահելու, մեր երեխաներն են ծառայելու, ոչ ոք իրավունք չունի դա վիճարկելու, բայց ինչո՞ւ են համալսարանի նստարաններից տարած նորակոչիկներին այդքան տանջում, դա՛ չեմ հասկանում: Հնարավոր չէ՞ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քչից սկսել ու աստիճանաբար հասցնել պահանջվող մակարդակին: Միանգամից՝ այսքան կիլոմետր վազք, այսքան կքանիստ: Ոջիլն ի՞նչ է, որ դրա դեմ չեն պայքարում, զինվորները ոջիլի մեջ կորած են: Սարսափելի ապրումներ եմ ունենում, սահմանի մասին յուրաքանչյուր լուր ուղիղ սրտիս կենտրոնով է անցնում: Մի օր էլ Գեղամին կտանեն, հետո՝ Վահանին:
-Գեղամին մտքիցդ հանիր, քանի ես կենդանի եմ՝ իմ տղան էդ բանակում չի ծառայի:
Վանուհին վրդովվեց.
-Իհարկե, բանակը ընչազուրկների ու անտերների համար է: Հենց երեկոյան կնստեմ հոդված կգրեմ ծառայածներին ու նրանց ծնողներին արտոնություններ տալու անհրաժեշտության մասին: Ով չի ծառայել` իրավունք չունի պետական պաշտոն զբաղեցնել, իսկ զորացրված յուրաքանչյուր երիտասարդի աշխատանքի ապահովումը պետք է լինի պետության ուղղակի պարտականությունը: Բանակայինի ծնողները պետք է ավելի շատ աշխատավարձ ու թոշակ ստանան, քան դասալիքներինը: Հոդված չէ, բաց նամակ կուղղեմ նախագահին:
-Անպայման գրիր,-հեգնեց Արսենը,-ասում են գրածներդ կարդալու թուլություն ունի: Ինչ վերաբերում է կարգուկանոնին՝ գնա, քո վարչապետին հարցրու: Ղարաբաղի նախագա՜հ, պաշտպանության կոմիտեի նախագա՜հ, հերո՜ս: Մեղավորներից մեկն էլ ես էի, որ դրան բերեցին Հայաստանի վարչապետ:
Վանուհին նախազգաց զրույցի շարունակությունը, խոսքը կուլ չտվեց.
-Չբերեի՛ն, թող ձեզնից մեկնումեկը դառնար քանդված տնտեսության ղեկավարը, ինչո՞ւ նրան ընտրված պաշտոնից հրաժարեցրիք՝ աղաչեցիք, որ գա: Մեկը դու՝ վախեցա՞ր նախորդներիդ խճճած հանգույցում խեղդվելուց: Ինչքան կարողացաք՝ տնտեսությունը հեռացրիք տնտեսություն հասկացությունից, թալանեցիք, բզկտեցիք, մարդը համաձայնեց գալ ու ոտքի հանել, որովհետև մտածեց՝ մինչև Հայաստանը ճգնաժամից դուրս չգա՝ համահայկական ոչ մի հարց չի լուծվի և առաջին հերթին՝ Ղարաբաղինը: Ի դեպ, պաշտոնն ստանձնելիս նա հայտարարեց, որ ազգային համաձայնության քաղաքականություն է վարելու և քո կուսակցությունն էլ այդ հայտարարությանն իր հայտարարությամբ արձագանքեց, թե՝ ,,զորակցելու է վարչապետ Հայկ Սեդրակյանին՝ ինքնիշխան, սոցիալական և իրավական պետության կառուցման գործում,,: Ճի՞շտ եմ հիշում:
-Կեցցես, բառացի հիշում ես:
-Հնչած խոսքը կարող է մոռացվել, գրված խոսքը՝ երբեք: Դուք հատուկ հայտարարություն եք արել, այն էլ առաջինը ու հիմա զուր եք կաշվից դուրս գալիս, որ դա մոռացության տաք: Ինձ որ հարցնես՝ նա մի մահապարտ է, որ ուրիշների ոճիրների պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Դրա համա՛ր եք ոխով լցվել, ոչ մի առիթ բաց չեք թողնում, որպեսզի զրպարտեք:
-Դու էլ ոչինչ՝ նմանապես առիթը բաց չես թողնում, որպեսզի գովես ու փառաբանես նրան, չես էլ հոգնում, թերթիդ յուրաքանչյուր համարում մի ներբող հաստատ կա:
-Ես հավատում եմ, որ նա ձեզանից տարբեր է,-արտորանքով ասաց Վանուհին,- իսկական հայ է, իսկական տղամարդ ու տնտեսությունից գլուխ կհանի: Ես միշտ սպասել եմ, թե երբ պետք է Ղարաբաղը Երևանը գրավի, որ Հայաստանում էլ մի քիչ կարգ ու կանոն հաստատվի:
-Գրավի՞, ճի՞շտ ես ասում, դու հո դավաճան չե՞ս: Ես էլ ասում եմ՝ նրանք հույսն ո՞ւմ վրա են դրել: Դե, եթե քեզ նման խելոք կինը կարծում է, թե Հայաստանի փրկությունը ղարաբաղցիներն են, ուրեմն, վայը եկել է, մեզ տարել:
-Հայաստանի փրկությունը բոլոր հայերի միասնությունն է, պարզապես այս պահի ուղեցույցը Ղարաբաղում է մշակված: Ես 88 թվից հետևում եմ նրանց գործողություններին ու ամեն անգամ ապշում, թե ինչպես են կարողանում իրենց քայլերը հարմարեցնել միջազգային իրավունքի տառին ու ոգուն: Մի հատիկ սխալ քայլ չեն կատարել, թե անկախությունը հռչակելը, թե Ադրբեջանից դուրս գալը, թե ինքնորոշման իրավունքը պաշտպանելը, ամեն, ամեն ինչը բխում է միջազգային օրենքներից: Հակոբն ասում է, որ Ստեփանակերտը դարձրել են մաքուր, գեղեցիկ, կոկիկ քաղաք ու հյուրերի հետ վարվում են եվրոպական քաղաքավարությամբ: Միջազգային կազմակերպություններից եկողները հիանում են, զգաստանում, հասկանում են, որ քաղաքակիրթ ժողովրդի հետ գործ ունեն, ոչ թե վայրի լեռնականների: Իրենց խելքով ու գիտելիքներով մի ամբողջ աշխարհ են դաստիարակում, դրա համար էլ հետներն սկսել են հաշվի նստել, ընդունել պահանջների արդարացիությունը: Մենք ինչո՛ւ չպետք է այդ բոլորով ուրախանանք ու նաև ընդօրինակենք: Եվ կուրություն կլինի չընդունել, որ Ղարաբաղի հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել նաև Սեդրակյանի անձով: Այո, ես հիանում եմ նրանով ու ի հեճուկս քեզ՝ պետք է այդ մասին շիտակորեն գրեմ: Համենայնդեպս, Հայաստանում ես չեմ տեսնում այն մարդուն, ում հետ կարելի է շաղկապել Հայաստանի մոտակա ապագայի առնվազն տասը տարին: Ոգեպնդիչ անհատականություն, բացի նրանից, առայժմ գոյություն չունի:
-Ուրեմն, ղարաբաղցի՞ն պետք է փրկի Հայաստանը:
-Բոլորս՝ ղարաբաղցու հետ, եթե սահմանագծումները պարտադիր են: Ինձ համար Սեդրակյանը լավ հայի հավաքական կերպար է, դու դրա դեմ անզոր ես, սիրելիս, ինձ չես տարհամոզի: Կարծում եմ՝ նաև շատ-շատերին:
-Երևում է՝ քեզ վերջնականապես կորցրել ես, Վանե:
-Միայն ե՞ս: Պաշտպանության նախարարը, օրինակ, նրան ավելի է պաշտպանում, որովհետև ինքը ևս մեծ հայրենասեր է, տեսնում է, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո տնտեսության ստվերը պակասել է, դրա շնորհիվ հարկերը մուտք են գործում պետական բյուջե: Դու ինձնից լավ գիտես, թե ինչ է նշանակում հղփացած նորահարուստներին հարկային դաշտ հրավիրելը:
-Հրավիրե՛լ:-Արսենը խոյացավ դեպի բացած բազմոցը, որի վրա ոտքը գիպսում՝ նստել էր Վանուհին:- Նա հիմա է հրավիրում, շուտով կսկսի պարտադրել:
-Սպասիր,-Վանուհին առաջ պարզած ձեռքերով կասեցրեց նրա հարձակումը:-Դու դեռ այն կարծիքին ես, որ մի խումբ ստահակներ, այդ թվում նաև հենց ինքդ, պետք է երկրի եղած-չեղածը գռփեք, ընտրություններում պարտված թեկնածուին նախագահ հռչակեք, հակառակ ձևով մտածողներին բանտերը լցնեք ու նրանց դեմ անհեթեթ դատավարություններ սկսեք, հետն էլ անպատի՞ժ մնաք: Երանության ժամանակներն անցան, Արսեն, սթափվիր: Դաշնակցությանը շղթայակապ անելով՝ ձեր ապահովության հարցը չլուծեցիք, ժողովուրդը կամաց-կամաց գիտակցում է, թե իր վստահությունն ինչ նենգությամբ է չարաշահվել, նա կընդվզի, ավելի լավ է՝ անարյուն հեռանաք:
-Ո՞վ հեռանա, խելքդ հացի հետ կերե՞լ ես:
-Երկու ճանապարհ ունեք՝ կամ մեղքերը քավել, ապաշխարել ու շիտակ ճանապարհի գալ, կամ ասպարեզից անհետանալ:
Արսենը հուսահատ շուրջը նայեց.
-Հակոբը տանը չէ՞:
-Սո՞ւրճ ես ուզում, ստիպված ես ինքդ եփել: Վերջին անգամ քեզ համար ե՞րբ եմ սուրճ եփել, հիշո՞ւմ ես:
Վանուհին ուզեց հարաբերությունների շիկացումը մեղմել, վեր կենալու ճիգ արեց:
-Լավ, չեմ խմի, տեսնում եմ՝ հույս չկա:
-Բացի սուրճից՝ կատաղությունդ ուրիշ ի՞նչը կմեղմի:
-Մի կում կոնյակը: Ունե՞ք, թե…
-Պահարանում է, բացիր, դիմացը, դիմացը:
Գրեթե լիքը շիշը Արսենը դրեց սեղանին, մի փոքրիկ բաժակ Վանուհու համար լցրեց, նույնի մեծը՝ իր համար: Բերած տուփերից էլ շոկոլադը հանեց, հյուրասիրեց:
-Շոկոլադը տրամադրությունը բարձրացնում է,-ատամների արանքից ասաց:
-Մանավանդ եթե սիրահարված ես:
-Սլաքներդ քեզ պահիր, 23 տարեկանից հետո սիրահարված չեմ եղել:
-Զառինեի հետ հասարակության մեջ բացահայտ երևալդ դա չի ասում:
-Պա՛հ, հո չասիր:
-Էլի՞ քեզ համար լրատվություն է հավաքում:
-Եվ ինչպիսի ջանասիրությամբ, ճարպկությամբ Մարգոյին էլ է անցել, դրա նման խորամանկ ու ստախոս գազան ամբողջ Հայաստանում չկա:
-Նախարար, որ օգտվում է լրագրության թափոնի ծառայություններից…
Չե՞ս ամաչում, Արսեն:
-Կարծում ես՝ առանց նրա նախարա՞ր կդառնայի:
-Գոնե դառնալուց հետո շրջապատդ մաքրիր:
-Ես մաքո՞ւր եմ, քույր իմ, որ ուրիշներից մաքրություն պահանջեմ:
-Քո ասելով՝ աշխարհում ոչ մի մաքուր, արդար բան չի մնացել:
-Դու ես միակ ցուցանմուշ… Բայց կեցցես՝ ոչ մի կերպ չկարողացա քեզ կոտրել:
-Կաշառել:
-Դա էլ եմ փորձել, չես սխալվում:
Հիշողության հանկարծական փայլարձակումից Արսենի դեմքը փոխվեց: Ամբողջ խոսակցությունը, որով ձգում էր այդ մասին խոսելու պահը, վճռականորեն նետեց մի կողմ:
-Չես հավատա, թե երկրապահների ժողովում երեկ ում տեսա:
Վանուհին կռահելու փորձ չարեց:
-Մեսրոպին հիշո՞ւմ ես, ես քեզ նրա մասին ասել եմ, որ ուսանող ժամանակ Հասմիկի շուրջը պտտվում էր: Մեր հարսանիքից առաջ դրան այլախոհության համար բանտարկեցին, հետո Ամերիկա արտաքսեցին: Հիմա քաղաքացիությունից հրաժարվել է, եկել է, որ Հայաստանում ապրի: Շուտ իմանայի՝ ճանապարհներն առաջը կփակեի, ափսոս, գրանցվելուց հետո իմացա /մտքում ավելացրեց՝ ինչպես այն լակոտին՝ Հարութ կոչվածին թույլ չտվեցի, որ գար Երևանում բնավորվեր/:
-Մի՞թե քեզ համար փակ դուռ կա,-հեգնեց Հարութի վերադառնալու անհնարինության պատճառներից անտեղյակ Վանուհին:
-Իհարկե, չկա, բայց արդեն կիմանար, որ ես եմ խանգարողը:
-Անհանգստանալու ի՞նչ ունես, Հասմիկը քեզ էր սիրում, քեզ հետ էլ ամուսնացավ:
Մոտեցավ լուսամուտին, վարագույրը ետ քաշեց: Վանուհին չտեսավ դեմքի մռայլը, լսեց երկարատև լռությունը:
-Լավ տեսարան է, ամեն օր Արարատին ես նայում, դրա համար էլ ազգայնամոլ ես դարձել:
Ծռված ժպիտը Վանուհին ընկալեց որպես զրույցի սկզբնամասի հիշեցում, կառչեց դրանից, որովհետև Մեսրոպին վերաբերող բոլոր հպանցիկ խոսակցությունների ժամանակ ոչ Արսենին է կարգին հասկանում, ոչ, մանավանդ, Հասմիկին.
-Արարատը միայն ե՞ս եմ տեսնում, Արսեն, ամբողջ Հայաստանը նրա ստորոտին է փռված, որ կետից նայես՝ Արարատ է ու Արարատ: Մի օր առավոտյան հետս արի՝ ուրիշ տեսիլք կտեսնես:-Արձագանքի չսպասելով՝ շարունակեց։-Արարատը՝ Երևանյան լճում, ճիշտ ինչպես՝ բնօրինակը:
Բարձրաձայն քրքիջը Արսենի կոկորդից դուրս թռավ կամքին հակառակ:
Միշտ այդպիսին է եղել իր քույրիկ Վանուհին՝ երևակայական աշխարհների միամիտ տիրուհի: Ինքը հնարում է, հավատում, դա դեռ ոչինչ, ուրիշներին էլ ուզում է հավատացնել:
-Չես հավատում չէ՞,-Արսենի աղճատված ժպիտն անտեսեց Վանուհին:-Դրա համար էլ առաջարկում եմ միասին նայել: Արարատը ոչ թե Հայաստանի սահմանից անդին է, այլ Երևանի կենտրոնում: Խղճահարությունդ քեզ պահիր, դա բնության գծած պատկերն է, Աստծո ստեղծագործությունը և մարդը պարտավոր է սխալմունքը շտկել:
-Ինչքան հասկանում եմ՝ դու հիմա Արարատին նայում, Մռավն ես տեսնում:
Արսեն Զորյանի փափկասուն այտերը զզվանքից կնճռոտվեցին: Ծիծաղող երեխային դիտողություն անող հիստերիկ մոր չարությամբ տեղից ցատկեց ու մոտեցավ փակ լուսամուտին, բայց ժամանակին ետ քաշվեց, մանավանդ որ թիկունքից լսեց Վանուհու կատակախառն ձայնը.
-Ես Ղարաբաղում երբեք չեմ եղել, խելոք:
Այս անըմբռնելի կնոջից ամեն ինչ կլսես: Բարկությունից ձիու նման տրտինգ տվեց.
-Այդքան գրում-ճչում ես՝ մի անգամ էլ գնա տես:
-Քեզ հետ եմ գնալու:
Իհա՜րկե, դա մի երջանիկ ճամփորդություն կլինի: Բայց հակառակը խոսեց.
-Դեմ չեմ, գիտե՞ս, քեզ կտանեմ Արմանին կտեսնես, ես էլ մի քանի հարցեր կլուծեմ՝ կգանք:
-Ե՞րբ:
-Մի քիչ սպասենք՝ էս մահափորձերի, կրակոցների հարցը պարզվի, նոր:
-Դրանց հետ կապ չունես, չէ՞:
-Լավ, էլի, Վանե, հոգիս հանեցիր քո հարցերով, չունեմ, չէ՛: Հանգստացիր, ոտքիդ մասին մտածիր:
-Եթե կարողանայի, ոչ մեկի խորհրդի կարիքը չէի ունենա:
-Գնացի, լավ եղիր:
-Կփորձեմ:
Արսենի հեռանալուց հետո միջանցքի դուռը մնաց կիսաբաց: Դա այնքան սովորական երևույթ է, որ եթե մեկնումեկը գար ու տեսներ դուռը փակ՝ կկարծեր, թե տանը մարդ չկա: Բերդի իրենց հսկայական տան դուռը ևս երբեք փական չի տեսել: Մարդու տան դուռը, ինչպես սիրտը, դրացիների առաջ պետք է բաց լինի, ասում էր հայրը: Այդպիսի մի օր, երեխաները քնած, ինքը՝ կիսանիրհած, շենքի մի քանի բնակարաններից գողություն էին արել: Օրը ցերեկով ու կողոպտված տներից մեկն էլ իրենցը կարող էր լինել:
-Մեր տանից ի՞նչ պիտի տանեին,-ձեռ էր արել Արմանը ու դրանից հանգստացած՝ շարունակել էին դրացիասեր դռնբացությունը:
Շարունակելի