Հրաչուհի Փալանդուզյան. Քաղաքական սիրավեպ (սկիզբը` նախորդիվ)

41.
Ապրիլի վերջին Երևանի գարունը հազիվ գարնան նմանվեց: Մայրաքաղաքի ամենաանհամբեր եղանակը որոշեց մինչև կիզիչ հաջորդին անցնելը մի քիչ դադար տալ, մարդկանց հոգիները լցնել մոռացված գոլությամբ, դրանով ակնարկելով, որ վերևներում նրանց մասին հոգացող կա:
Ինչ որ երկրի վրա չէր արվում՝ երկինքն արեց. ձմռան, անհուսության ու կարիքի հետքերը կանաչով ջնջեց, կոճղերից ծլարձակած ոստերը ծաղկով պատեց:
Դա մի անամպ, անքամի օր էր, երբ կարելի էր հույսերով տոգորվել, ապագայից չվախենալ ու նույնիսկ գնալ թատրոն:
Վանուհի Տիգրանյանը Դրամատիկականի ներկայացմանը գնաց Գայանեի դրդմամբ, ստիպմա՛մբ, միակ պատճառով, որ եղանակը տրամադրում էր և ընկերուհին էլ կվիրավորվեր, եթե բեմադրության հեղինակից ստացած հրավիրատոմսն աննպատակ կորչեր:
Հաջողված ներկայացում էր, բոլորի հետ ոտքի ելած երկար ծափահարեց դերասաններին ու բեմադրիչին:
Տուն եկավ ջերմիկ զգացումներով, հաստատ որոշմամբ, որ հարկավոր է ընտանիքի հետ երբեմն մշակութային վայրեր այցելել, ինչքան վայրենի ապրեցին՝ բավական է:
Հակոբն ու տղաները նրան դիմավորեցին անսովոր հոգատարությամբ: Ուշադիր լսեցին ներկայացման հախուռն գնահատականները, բայց երբ խոսք եղավ հենց հաջորդ օրը միասին թատրոն գնալու մասին, Վահանն օտարոտի ձայնով ասաց.
– Հնարավոր չէ, վաղը Բերդ ենք գնում:
– Ինչո՞ւ,-Վանուհին չհավատաց օրվա մեղմ տպավորությունների այդտեսակ ավարտին ու մանավանդ տղայի տարօրինակ խոսելաոճին: Չի կարող պատահել, որ հրաշք օրը աղետով վերջանար:
– Ինչո՞ւ ենք գնում:
Ոչ ոք չպատասխանեց:
– Հակոբ, ի՞նչ է պատահել,-գրեթե ճչաց:
– Հայրդ լավ չի։
– Ստամո՞քսը:
– Սիրտը:
– Սիրտն ի՞նչ:
– Ռազմիկը զանգեց, լավ չի:
Վանուհին վազեց միջանցք, հեռախոսը վերցրեց, փորձեց միջքաղաքայինով տուն զանգել: Սարքն ամբողջ կարողությամբ դիմադրում էր, անընդհատ զբաղված էր ցույց տալիս:
Սառը քրտինքը հուլունք դարձած շարվեց ճակատին, շրթունքների տակ, աչքերի շուրջը:
– Պարզ խոսեք,-սենյակում իրար կողքի կանգնած տղամարդկանց տեսնելով՝ պոռթկաց Վանուհին:
Հակոբը լուռ մոտեցավ, լսափողը ձեռքից առավ, համարը հավաքեց. առաջին իսկ փորձից միացավ:
Հեռվից լսվեց Ռազմիկի թույլ ձայնը.
– Դե, քույրիկ, մի ժամ առաջ… ինֆարկտ էր…
– Մի ժամ առաջ ի՞նչ:
– Պապան մահացավ:
– Մի ժամ առաջ ժամը քանի՞սն էր:
– Հինգն անց տասը րոպե:
Հինգն անց տասը րոպեին ինքը ծափահարում էր Դրամատիկականի դերասաններին՝ մտքում շարադրելով թատերախոսականի հիմնադրույթները: Վճռել էր վերադառնալ թատրոնի թեմային, որից խռով է եղել թատերական չընդունվելու պահից մինչև հեղափոխիչ ներկայացումը:
Հայրը, իհարկե, նա՛: Միշտ ասում էր՝ աղջիկս, պետք չէ սրտի մեջ տհաճ հիշողություններ պահել, թատրոնն ասուպ էր՝ ընկավ, անհետացավ, թեթև սրտով վերաբերվիր կատարվածին:
Քանի տարի ճիշտ այդպես էլ վերաբերվում էր, մանավանդ որ հայրը մայրաքաղաք գալով նախ թատրոններ էր այցելում՝ իրեն մշտական ուղեկից դարձրած: Մշակութային ցանկացած օջախում բազմաթիվ ընկերներ ու մտերիմներ ուներ, հենց նրան տեսնում էին՝ հրավիրատոմսերն ու ,,բրոնյաները,, մեջտեղ էին հանում: Ոչ մի ներկայացում դահլիճից չէին նայում՝ միայն կառավարական օթյակներից: Ինչքան է պատահել՝ դերասանները հատուկ խոնարհումով հղում են արել դեպի իրենց օթյակը: Արտավազդ Տիգրանյանը արժանապատիվ մեծարանք է պարգևել նրանց, իսկ ինքը ծիծաղը հազիվ զսպել ու անհամբեր սպասել է, թե երբ են շենքից դուրս գալու, որպեսզի հորը մի լավ ձեռ առնի ու նրա արքայական մեծահոգությունը տեղնուտեղը լեգենդ դարձնի:
Դրանք ուսանողական տարիների արկածներից էին, ժամանակի հետ իրենց թատերաբանությունները հասունացել էին, թեև թատրոնն ինքը տեղում դոփդոփում էր: Այնուհանդերձ, յուրաքանչյուր ներկայացում, որ հայր ու աղջիկ միասին դիտել են, մի արտառոց հուշի աղբյուր է: Այս մեկն առանց նրան նայեց և…
Բերդի իրենց տան շրջակայքում ասեղ գցելու տեղ չկար, ժողովուրդը լցվել էր այգին, մերձակա փողոցը, բակը, բոլոր սենյակներն ու միջանցքները:
Արտավազդ Տիգրանյանը պառկած էր իր ձեռքով պաստառապատած սենյակի մեջտեղում՝ մանուշակի ծովի մեջ:
1996 թվականի ապրիլի 26-ը՝ անձրևաշատ ամիսներից հետո բացված առաջին արևոտ օրը, նրան հանել է տնից, կանչել այգի: Մինչև երեկո օրն ինչ-որ գործեր է արել, ինչպես ամբողջ Բերդը, որ մի մարդու նման դուրս էր եկել հանդ ու հողամաս՝ ուշացած գարնան թողածը լրացնելու: Հիմա մարդիկ նրա կողքին են՝ մոռացած վարն էլ, ցանքն էլ, բոլոր գործերն էլ: Մի բան չեն մոռացել՝ Արտավազդ Տիգրանյանի համար վերջին փունջ ծաղիկը քաղելը:
Հայրը խաղաղ ժպիտով պառկած էր մանուշակի ծովի մեջ, ամբողջ սենյակը մանուշակ էր բուրում:
Երբեք, կյանքի ոչ մի վայրկյանին չի մոռանա այդ բուրմունքը ու մեքենաների այն հոսքը, որ անվերջանալի ժապավենով ձգվեց մինչև գերեզմանատուն:
Մանավանդ չի մոռանա մարդկանց խոսքերը մի մարդու մասին, ով իրենցից մեկը լինելով՝ վեր է եղել նաև իրենից:
Բոլոր այդ օրերին՝ հոգեհացի սեղանի շուրջը թե երեկոյան պարտադիր այցելությունների ժամանակ, հոր մասին հարյուրավոր հրաշապատում զրույցներ լսեց, որոնք, ճիշտ է, իր համար նորություն չէին, բայց փափուկ բալասանի պես պարուրեցին սիրտը՝ մի քիչ խլացնելով անտանելի ցավը: Բերդի պետական տնտեսության նախկին հաշվապահի պատմածն էր նորություն.
– Ես գոնե մի դեպք չեմ հիշում, որ Արտավազդ Տիգրանյանն իր աշխատավարձը մինչև վերջին կոպեկն ստանար: Եթե կեսն էլ ստանար՝ լավ էր: Որովհետև սար գնար թե ֆերմաները՝ պետք է աշխատողների ու նրանց երեխաների համար անպայման նվերներ տաներ: Գալիս էր, ինձնից պարտք վերցնում, նվերներ առնում, աշխատավարձին պարտքը ետ տալիս: Ամեն անգամ ասում էի՝ այ ընկեր Տիգրանյան, դու նախագահ ես, տնօրեն ես, հո բարեգործական կազմակերպություն չես: Ասում էր՝ բարեգործները պոզերով չեն լինում: Ասում էի՝ դե մի օր էլ ընտանիքիդ համար բարի գործ արա՝ աշխատավարձդ տուն տար: Չէ, չէր լսում, թեկուզ մի անգամ չլսեց: Դրա համար էլ հենց սարերում կթվորները լսում էին, որ նախագահը պիտի գա, ուրախությունից աշխարհով մեկ էին լինում: Մենակ նվեր չէր տանում՝ ամեն կարգի հարց լուծելու տաղանդ ուներ, անասնապահությունից էլ էր հասկանում, այգեգործությունից էլ, տո մեղվապահությունից էլ, չնայած ինքը բանաստեղծ էր ծնվել ու բանաստեղծ գնաց:
Արտավազդ Տիգրանյանի կյանքի գլխավոր գործն ու վերջին աշխատատեղը, համենայնդեպս, երկրագիտական թանգարանն էր, Վանուհին դա լավ գիտեր ու հենց հաջորդ օրը քրոջ հետ Սորան բարձրացավ: Ուզեց մի անգամ էլ աչքերով շոյել հոր մատնահետքերը կրող այդ փոքրիկ թագավորությունը:
Շենքի յուրաքանչյուր մանրամասնություն Վանուհուն ծանոթ էր նախագծային թղթերից, որոնք հայրը տարիներ շարունակ քննարկում, մշակում էր հեղինակի հետ: Կարծես թե Թովուզ գյուղից էր այդ մարդը, այնքան էր իրենց տուն եկել-գնացել` գրեթե ընտանիքի անդամ էր դարձել: Արտավազդ Տիգրանյանը նրա հետ նախագիծն էր կյանքի կոչում` երևանյան ծանոթներին հանգստից զրկելով, հետն էլ Շամշադինի անկյուններն ընկած` կավե ու մետաղե հին իրեր ժողովում: Այդ հողոտ սափորներն ու պնակները, արձանիկներն ու գյուղատնտեսական գործիքները, կենցաղային պարագաները խոզանակով զգուշորեն մաքրում էր, շարում հյուրասենյակի սեղաններին ու պահարններին:
Եկավ մի պահ, որ նույնիսկ ննջասենյակները չէին հերիքում, գտածոներն սկսեցին դասավորել արկղերի մեջ ու տեղավորել մառաններում: Իհարկե, հնագետ անունով շատերին հաջողվեց իրերի մի մասը Երևան տանել, այդ թվում նաև հազվագյուտ նմուշներ, բայց միևնույն է, Տավուշի պատմությունն ամբողջացնող այդ ցուցանմուշները բավարար եղան, որպեսզի Արտավազդ Տիգրանյանը Սորանում բացի իր երազած թանգարանը: Բացեց, գինեձոն եղավ, ինքն էլ, բնականաբար, առաջին տնօրենը եղավ: Հանրապետական շրջանակներում այդ ձեռնարկը շատ մեծ գնահատականի արժանացավ, չէ՞ որ իրականացել էր ոչ թե իրենց, այլ մի հավատավոր անհատի կյանքի գնով:
Վանուհին ու քույրը երկար քայլեցին պաղ սրահներում, յուրաքանչյուր առարկա սիրտը ցավեցնելու աստիճան ծանոթ էր, հարազատ ու մտերմիկ: Քիչ անց դպրոցականների մի մեծ խումբ ճռվողյունով լցվեց թանգարան ու գարնան ամպի պես սփռվեց տարածքով մեկ: Թանգարանը մեկեն պարուրվեց անցած ու ներկա ժամանակների տաք շնչով:
Տիգրանյանները ականջի ծայրով լսել էին, որ ոմանք հիմնադրի ու առաջին տնօրենի երախտիքը փորձում են սեփականել, բայց սրտի խորքում հավատում էին, որ իրենց հայրենակիցները` Արտավազդ Տիգրանյանի հայրենակիցները, որոնց համար նա անփոխարինելի բարեգործ ու հոգեկից է եղել, մի օր թանգարանին նրա անունը կտան: Իրենց ինքնասիրությունը թույլ չի տա անգամ ակնարկել, յուրաքանչյուր ակնարկ վիրավորանք է այն ինքնակիզման հանդեպ, որը եղել է Արտավազդ Տիգրանյանի կենսագրության շարժիչն ու խթանը:
Քույրերը թանգարանից պայծառ-ամպոտ տրամադրությամբ հեռացան:
Վանուհին Երևան վերադարձավ մեկ շաբաթ անց: Վշտի առաջին հորձանքը հետ մղելուց հետո ուշադիր շուրջն էր նայել, ամբողջ խորքով զգացել հարազատների անուրախ կյանքի դժվարությունները:
Հայրն ընդամենը մեկն էր սահմանամերձ շրջան-սոցիալական կարիք երկգլխանի հրեշի զոհերից: Հետագա օրերին, երբ մարդիկ արդեն վերադարձել էին իրենց վարուցանքին, շրջկենտրոնի կարգավիճակից զրկված Բերդը նմանվում էր վերջին պաշտպանին կորցրած որբուկի: Որոշ ճարպիկ ձեռներեցներ հաջող առևտուր էին անում, բայց խեղճությունն իր մագիլները խրել էր ժողովրդի սրտի մեջ ու բաց թողնելու մտադրություն չուներ: Ում հետ խոսել-զրուցել էր՝ նույնն էր ասել, որ նախկին 35 թե 37 շրջանները 10 մարզի մեջ միավորելը Բերդը դարձնելու է մարզկենտրոնի կախյալը, առաջացնելու է գործազրկություն, արտագաղթ, անմխիթար չքավորություն:
Նոր-նոր սկսվել էր ,,մարզակերտման,, գործընթացը, և բերդցիներն արդեն ոչ մի լավ սպասելիք չունեին: Վանուհին հետը Երևան բերեց նրանց հիասթափությունն ու անօգնականությունը: Ի՞նչ կարող է անել իր գրչով, երբ երկրում տեր ու տիրականն ավտոմատավորներն են, նորահարուստները, ժողովրդավարության դրոշի տակ խրախճանող, մտավորական դիմակը նետած իշխանավորները: Առիթից առիթ հոդվածներ կգրի՝ կհասցեագրի տարբեր ատյանների ու ատենապետների: Հետո՞:
Երեկոյան Հասմիկի հետ այցելության եկած Արսենին ոչինչ չուզեց ասել՝ ոչ տեսածի, ոչ լսածի մասին: Նա ու իր թիմն են Հայաստանը փոսի մեջ շպրտել, ինչո՞ւ պետք է հանեն:
-Էդքան մի տխրիր, Վանուհի,-հորդորեց անցած ժամանակներից ժամանած Արսենը,-Արտավազդ Տիգրանյանն իր կյանքում էնքան մեծ գործեր է արել, նրան երբեք չեն մոռանա, ոչ մեկը չի մտածի, թե նա չկա, բոլորին կթվա, թե ապրում է, ներկա է ու միշտ կլինի: Դա մարդու հատուկ տեսակ էր, նրանք անմահներ են: Մահը նրանց չի ոչնչացնում, այլ վերածնում է: Որպես ոգի՝ նա քեզ ավելի մոտ կլինի, քան կյանքի ընթացքում էր: Հոգեկան աճ չե՞ս զգում, դա նրա ներկայությունն է:
– Անշուշտ, իրավացի ես: Նոր գի՞րք ես կարդացել:
– Քրոջս մխիթարելու համար ինձ գրքեր պետք չեն:
Արսենը ջղայնացավ, բայց գալու առիթը հիշելով՝ խոսքը փոխեց.
– Հիմա ավելի շատ քաղաքական գրքեր եմ կարդում:
– Ժողովրդավարության մասի՞ն:
– Նախագահական ընտրությունների, խելոք, մոռացե՞լ ես, որ սեպտեմբերին ընտրություններ են:
– Առաջին անգամ եմ լսում, որ ընտրությունները կեղծելու մասին հատուկ գրքեր են գրվում:
– Բայց ինչո՞ւ կեղծելու, նախագահի վարկանիշը թույլ է տալիս մտածել, որ 91 թվականի հաղթանակը կրկնվելու է: Եվ ընդհանրապես սա ի՞նչ մտայնություն է՝ նախօրոք ամեն ինչ վարկաբեկել ու հողին հավասարեցնել:
– Քո նախագահի վարկանիշով մի սատկած էշ էլ չես առնի,-ամբողջ խոսակցության ընթացքում առաջին անգամ կարծիք հայտնեց Հակոբը:-Գնա տես՝ հայրենիքումդ ինչ է կատարվում, նոր խոսիր:
– Ի՞նչ պիտի կատարվի, ամբողջ Հայաստանում անցման փուլ է, ոչ մի երկիր այս գործընթացների վրայով չի թռել:
– Ոչ մի երկիր ժողովրդի հոգսերի վրայո՛վ չի թռել:
Արսենը գրպանից ծխախոտի թանկարժեք տուփ հանեց, գլանակը վառեց, սկսեց ծխել ու սուրճ խմել: Հակոբին գլանակ չհյուրասիրեց՝ վախենալով, որ անտեղի դիտողություն կանի կամ էլ ուղղակի երեսին կշպրտի: Ամբողջ կեցվածքը հուշում էր, որ պատասխանից առաջ մտքերը ծանրութեթև է անում: Բայց Վանուհին չուզեց հոր հիշատակը քաղաքականությամբ նսեմացնել: Գրասեղանին դարսված թղթապանակները ցույց տալով՝ ասաց.
– 52 տարում գրված բանաստեղծություններ են, կենթադրեի՞ր, որ Արտավազդ Տիգրանյանն այսքան մեծ արխիվ է ունեցել:
Խոսակցության նման շեղումն Արսենի սրտովն էր.
– Ինչո՞ւ ես բերել, Վանե, ուզում ես տպագրե՞լ:
-Մինչև տպագրելը պետք է վերծանեմ, մեծ մասը ձեռագիր է: Հայրս գրասեղանի մոտ երբեք բանաստեղծություն չի գրել, ստեղծագործել է ոտքի վրա՝ ուր պատահի: Հիմնականում՝ կուսակցական ձանձրալի ժողովներում: Չիք չարիք՝ առանց բարիք:
– Վերծանելը երկա՞ր կտևի,-ոչ մասնագիտական հարց տվեց Արսենը:
– Ոչինչ չգիտեմ:
– Վանե, դու վերծանիր, իսկ ես կզբաղվեմ ժողովածուի տպագրությամբ: Մի շքեղ գիրք կտպենք, շնորհանդեսով ու գովազդով: Ի՞նչ կասես:
– Կեցցես,-ուրախացած Հակոբը պատրաստ էր վեճը մոռանալ, Հասմիկի տրամադրությունը ևս փոխվեց:-Միշտ ասել եմ, որ քո մեջ լավն ավելի շատ է, քան վատը:
– Սկսվե՛ց,-փնչացրեց Արսենը:
Մեկենասի դերում նա իրեն հրաշալի է զգում: Միայն ոչ Վանուհու ներկայությամբ: Արագ նայեց նրան. համորեն հպարտությո՜ւն, համորեն քամահրա՜նք: Մինչև ո՞ւր ես գնալու քո համառությամբ, Վանուհի Տիգրանյան: Հորդ հսկա արխիվն է՞լ ես քո կամակորությունների զոհը դարձնելու, ինչպես ամուսնուդ մասնագիտությունն ու երեխաներիդ ապագան, ինչպես առողջությունդ:
– Վերծանեմ, հետո կխոսենք,-անորոշ խոստացավ Վանուհին:
Բազմախոս խոստում էր. ինքը մտածեց՝ հորս գիրքը լույս կտեսնի իմ և բացառապես իմ աշխատավարձով և ոչ ուրիշ կերպ:
Մնացած բոլոր կերպերից ևս Արսենը հենց այդ մեկը հասկացավ՝ Վանուհի Տիգրանյանի անձնական աշխատավարձով: Վանե, Վանե, քո մի քանի հազար դրամով ինչքան բարձր ես ուզում թռչել: Այդպես չի լինում, կամ ողնաշարդ կջարդես, կամ թեթևագույն դեպքում՝ ոտքդ:
1996 թվականի մայիսն էր, նախագահական ընտրություններին մնում էր մի քանի ամիս:
Շարունակելի