Կդրա՜վ, թելը կդրա՜վ…
Ֆբ-ում արդեն սկսվել է պառակտումը, նախկին համերաշխ ընկերներն իրար անպատվում ցուցադրաբար հեռացնում են /ավելի վատ բառերով են ասում/ ընկերությունից, ամենավերջին փողոցի բառերով ,,պատվում,, միմյանց…
Ցավալի է կողքից կարդալ այն բոլոր հայհոյանքները, որ ասվում են միանգամայն կայացած լրագրողի, արվեստագետի կամ մանկավարժի և այլոց հասցեին:
Սիրելիներ, մի մասը կարող է ճիշտ համարել ավտոարշավը դեպի Արցախ, մյուս մասը՝ ոչ:
Ինչու՞ եք փորձում մեկդ մյուսի կարծիքը պարտադրել իրար:
Հնարավո՞ր չէ ուղղակի ասել՝ դա Ձեր կարծիքն է և փակել խոսակցությունը: Թող մարդիկ հանգիստ արտահայտեն իրենց կարծիքը, դրանց բախումից է ծնվում ճշմարտությունը:
Ես ունեմ լավագույն բարեկամ-ընկերներ Արցախում, բոլորն էլ հրաշալի մարդիկ, նրանցից ոմանք այլ կերպ են մտածում, ոմանք՝ այլ, ես էլ՝ բոլորովին այլ կերպ, բայց դա չի խանգարում, որ մենք նորմալ շփվենք՝ և նամակներով և ֆեյսբուքի լրահոսում:
Երբեք նրանցից որևէ մեկին չեմ էլ մտածում ընկերությունից հանել, նրանք էլ՝ նույնը:
Կանցնի որոշ ժամանակ, ինչպես ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույն է ասում, կարդալով հին թերթերը և բոլոր վատ նորությունները, դրանք այլևս մեզ անհետաքրքիր կթվան /ինքն ավելի սուր է ասում՝ ծիծաղելի…/ …
Բայց այդպես էլ հնարավոր չի լինի վերականգնել այն լավ, բարի հարաբերությունները, որ այլևս փշրված են…
Մանավանդ, որ այդ վիրավորանքները, թեժ հայհոյանքները կարող են ուղղակիորեն ազդել ազգային հոգեբանության, նրա վաղվա օրվա, պառակտվածության հետագա խորացման վրա….
Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումից