Մի շտապեք մարդկանց ասել «հաջողություն», ասեք`«ցտեսություն»…
Գեղեցիկ, թախծոտ, անմիջական. վերջերս լույս տեսավ Դավիթ Սամվելյանի` մարդկային հոգու ու ապրումների, զգացողությունների հարուստ ներկապնակը ներկայացնող «Նա և նրա», իսկ 2010թ «Լուսե երազ» ստեղծագործություն-գրքերը: Համարձակ ու իրատեսորեն հոգու տվայտանքներին նայող, բայց փյունիկի պես ամենքիս ծանոթ ընդվզում-ցավից հառնող ու հավատացյալ քրիստոնյայի լավատեսության դարմանը տվող հեղինակն իր խոհն արտահայտում է արձակ բանաստեղծության, էսսեի և նամակի միջոցով: Նա և նրա դերանունները յուրովի վերաիմաստավորելով` փնտրում է «ութերորդ նոտան», «Խավարի ավետիսների» ուղեծրում բարձրաձայնում հավերժ մարդկային ու հաճախ անպատասխան «ինչու»-ն` ստիպելով նաև մտորել ու հիշել բարոյական ու ազնիվ լինելու պարտականության մասին: Իսկ անձնական ապրումի, հուշերի ու վերհուշերի ակունքներից սնվող նրա ստեղծագործությունները հարստացնում են մեր ներաշխարհը: Աղոթքի խաղաղություն-քաղցրության ու մուսայի ստեղծագործական բերկրանքը վայելող հեղինակը իրեն ճանաչողներիս համար անգամ անակնկալ, (սկզբում համացանցում), իսկ հետո տպագիր-գրքով հանդես եկավ` պատկերավոր ու գեղեցիկ խոսքի, անսպասելի համեմատությունների հերթագայությամբ համեմելով սրտիդ դիպչող խոսքը, խորհուրդը, անվերջ փնտրտուքը:
Մասնագիտությամբ աստվածաբան, Արարատյան թեմի երիտասարդաց շարժման դիվանի նախկին անդամ, խորհրդական, Վազգենյան դպրանոցի նախկին վերակացու, Դավիթ Սամվելյանի մեծ արձագանք գտած «Նա և Նրա» գիրքը «Բուկինիստ», «Բյուրոկրատ», «Նոյան տապան» գրախանութների վաճառասեղաններին են, իսկ հասույթը` բարեգործական է: Սեփական բարոյականության չափանիշը Աստվածայինի հետ համեմատող, իր կյանքում ոչինչ պատահական չհամարող և մարդկային հարաբերություններում դիմացինի բացահայտումը ամենահետաքրքիրը համարող հեղինակն է զրուցակիցս, ում ուղղում եմ հարցերս`որոշ առեղծվածներ պարզելու միտումով:
– Դուք մասնագիտությամբ աստվածաբան եք, նաև ստեղծագործում եք…
-Ես ամեն պահի մեջ փորձում եմ ինձ գտնել: Եվ եթե միաձուլվեցի այդ պահի հետ, դա եմ: Եթե ասեմ`գրող եմ, մի քիչ մեծ կհնչի, եթե ասեմ աստվածաբան եմ, էլի մեծ կհնչի, որովհետև աստվածաբան էր Տաթևացին, Քենթրբերացին, Կառլ Բարթը: Թե աստվածաբանությունը, թե գրելը, և թե ներկայիս գործունեությունը, մի նպատակ ունեն. ինձ մի վերջնակետի հասցնել: Իսկ այդ վերջնակետը եղել է հաճախ, մի ինչ-որ պակաս տեղ լցրել է, եղել է եզրահանգում: Ոչինչ պատահական չի եղել իմ կյանքում` սկսած մասնագիտություն ընտրելուց;
– Ե՞րբ Ձեր մեջ ծնվեց գրողը:
– Գրել եմ փոքր ժամանակ, բայց իմ կարծիքով, ոչ մի ստեղծագործական արժեք չեն ներկայացնում, չնայած հիմա էլ չեմ ասում, որ գլուխգործոցներ են. իր ոճի մեջ մտքի դրսևորում է: Բայց գրողն իմ մեջ ծնվում է ամեն գրելիս: Ես իմ էությամբ և ամբողջ հոգով գրող չեմ: Չեմ մեկնաբանում` ինչու, պատճառները շատ են: Բայց երբ սկսում եմ գրել, զգում եմ, որ իմ մեջ մի ուրիշ մարդ է ծնվում: Ոչ թե ծնվում, այլ քնից զարթնում է: Իսկ պատճառները կարող են լինել տարբեր:
– Ի՞նչն է ոգեշնչում:
– Զգացողություններս` լինեն դրական, թե բացասական, որոնք գագաթնակետին են հասնում: Զգում եմ, որ լցվել եմ, և թանաքի տեսքով պայթում են թղթին կամ համակարգչի էկրանին:
– Համամի՞տ եք, որ պոեզիան, ամեն դեպքում, թախիծի շերտ ունի:
– Բնականաբար: Դա ես չեմ ասում, ոչ էլ` դուք, միշտ էլ էդպես է եղել: Յուրաքանչյուր մարդու մեջ մելանխոլիկ, ինքնամփոփ բան կա: Երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, սկսում ես ինչ-որ տեղ հոռետեսորեն նայել աշխարհին, ավելի շատ սև ու սպիտակ է այն դառնում, ավելի պարզ են իրերը երևում աչքիդ. լավ կամ վատ: Գուցե դա ծայրահեղության է հասնում մի քիչ, բայց էդպես է: Իսկ ընդհանրապես, ստեղծագործելը անուղղակի խոսակցություն է, բայց ոչ կոնկրետ քո դիմաց կանգնած մարդու, այլ պատկերացրած մարդու կամ մարդկանց հետ:
– Ի սկզբանե է՞ր բանը…
– Երբ սկզբում սկսեցի գրել, չէի մտածում, որ գիրք է դառնալու: Երկու անգամ էլ տպվել է պատահական սկզբունքով, շատ արագ, գրեթե առանց խոչընդոտի: Միշտ տեխնիկական պահերին աջակցողներ եղել են: Սրբագրման հարցում ինձ օգնել է մարդ, ում երբևէ չեմ տեսել: Նյութերս ուղարկել եմ վստահության սկզբունքով: Մարդիկ հիմնականում պատահաբար չեն հայտնվում կյանքում. ինչ-որ մի պահի զգում ես ու հասկանում դա: Նրանց անգամ գուցե չես դիմում, բայց ինքնաբերաբար փորձում են օգնել: Նույն սկզբունքով էլ դու ես օգտակար լինում: Երբ գրում էի, իմ բլոգում էի տեղադրում, հավանումներ (լայքեր) էին լինում: Կարդացողները մեղադրում էին, որ որոշակի բաներ պարզ չեմ գրում: Ես իրենց բացատրում էի, որ շատ պարզ է իմ գրածը, ուղղակի պիտի պատրաստ լինեն ընկալելու, իսկ հիմա արդեն գիրքը շատերը ձեռք են բերել նաև անծանոթներ, որ չէի սպասում: Արձագանքներից կարող եմ ստացված համարել այդ ամենը: Նախ` ասեմ, որ իմ յուրաքանչյուր գրածը երկու շերտ ունի. առաջին շերտը իմն է, ինձ չճանաչողների համար դա չերևացող շերտն է, իսկ 2-րդ շերտը բոլորինն է, այսինքն`ամեն մեկը գտնում է իր համար ինչ-որ մի բան, լինի իրավիճակ, որ իր կյանքում ապրել է, զգացողություն, որ ունեցել է, այսինքն` կարծես հայելու մեջ նայես ու խոսես ինքդ քեզ հետ: Այդպես է ստացվել, այդպիսի նպատակը չեմ ունեցել: Բայց ընթերցողն առերեսվում է ինքն իր հետ, որովհետև վերերկրային բաներ չեմ գրել: Ու երբ որ թեկուզ իմ ներաշխարհի, ապրումների արտացոլանքն է եղել գրվածքը, (ես էլ եմ մարդ ու մնացած շատերը, այս մոլորակի վրա եմ ապրում) ապա գոնե եթե ոչ վեց միլիարդը, ապա հաստատ 100.000 հոգի նույն զգացողություններն ու ապրումները ունեցել են, ինչ-որ ես ներկայացրել եմ: Էդպես է ձևավորվում լսարանը: Գրքի լույս աշխարհ գալու առումով ուրախ եմ այնքանով, որ մարդուն ևս մեկ անգամ առիթ տվի մտածելու, անդրադառնալու այն բաներին, ինչը իր հետ կատարվել է, բայց որի հետ շատ դեպքերում խուսափել է առերեսվել, շատ դեպքերում ուղղակի ուշադրություն չի դարձրել իր ապրած պահին: Բայց փառք Աստծուն, գիրքն իր նպատակին հասավ: Առհասարակ, ինչ վերաբերում է գրող- լսարան կապին, ապա կարծում եմ, որ կարող ես լինել շատ լավ գրող, բայց քո լսարանը լինի այլ կարծիքի: Չի կարող մի գրողի բոլոր ստեղծագործությունները լավը լինել: Սկսենք նրանից, որ դու չես կարող որպես ընթերցող բոլոր գրողներին սիրել միօրինակ: Բայց նաև չես կարող սիրել մեկին ու վերջ:
– Թվում է, թե Ձեր ստեղծագործություններում ավելի շատ լույս և լավատեսություն պիտի լիներ:
– Այո և կա: Ո՞վ է ասում, որ իմ ստեղծագործությունները վատ, տխուր տրամադրություններ ունեն միայն: Ուղղակի ավելի շատ խոսակցություն է Աստծո հետ: Իսկ հավատքը միայն երանությունը չի, դրան պիտի հասնես, բայց ոչ այս կյանքում, այստեղ միայն կարող ես դնել հիմքերը:
– Քեզ հասու է ստեղծագործական երջանկությունը և հոգևորի հրաշքը:
– Ինձ համար հոգևորը միայն երանություն կամ հանգստություն չի, առաջին հերթին պայքար է, հենց այդ նույն անարդարությունների, վատի դեմ, որը շատ դեպքերում ներկայացրել եմ: Այդ է պատճառը, որ երբ գրածներս դիպուկ կամ չոր են լինում, մարդիկ հարցնում են, թե ինչու եմ կյանքի միայն բացասական երևույթներին անդրադառնում: Բայց դա այդպես չէ, պարզապես եթե վատը չզգաս, չես արժևորի լավը: Ու ընդհանրապես, գիրքս մարդկային հարաբերություններին է վերաբերում, մարդ անհատին ներկայացնում: Իսկ մարդու մեջ միայն լավը չի, կամ միայն վատը չի:
– Ինչպիսի՞ն է Աստվածային ճանաչողության քո ուղին…
– Ունեմ ստեղծագործություն «Եվ Աստված տվե՞ց» վերնագրով: Դրա մեջ Աստծո հետ մենամարտի, բողոքի տարրեր կան, որը չեմ համեմատում մյուս գրողների հետ, սա անձնական բողոք է: Բայց կա ստեղծագործություն, որի մեջ շնորհակալություն եմ հայտնում: Այսինքն` Աստծուն ճանաչելու գործընթացում չես կարող միանշանակ լինել, մի ձևով մոտենալՆրան: Միայն շնորհակալություն հայտնել չես կարող, մարդ ես, ունես քո թերությունները, թուլությունները: Եվ ելնելով քո այդ թուլություններից `չիմանալով քո համար նախատեսվածը, ապստամբում ես Աստծո դեմ: Բայց դա չի նշանակում, որ չես հավատում կամ կասկածում ես Նրա գոյությանը: Եթե կասկածեիր, չէիր անձնավորի ու պայքարի: Դեպի Ճշմարտություն տանող ճանապարհը միշտ էլ կասկածներով է անցնում: Ինչքան շատ գիտես, այնքան շատ ես կասկածում: Նման իրավիճակում էի, և մի իմաստուն մարդ ինձ ասաց . «Որ օրը ասես, որ Աստված գոյություն ունի, կասեմ, որ չես հավատում Աստծուն»: Աստծո ճանաչողությունը միշտ այդ կասկածանքի միջոցով է հաստատվում: Միշտ կասկածելու, երկմտելու, թեկուզ և դժգոհելու առիթ է տալիս, որովհետև իր ամեն երկրորդ քայլը քո կասկածածի ապացույցն է: Եվ երբ մի բան ապացուցվում է, հավատդ Նրա հանդեպ ամրանում է:
– Ինչպե՞ս եք տեսնում Ձեր` ստեղծագործողի ապագան:
– Օրինակ, գիրքս տպելուց հետո որոշել էի որոշակի ժամանակ ոչինչ չգրել, դադար տալ թե մտածմունքներիս, թե հույզերիս, բայց դրանից հետո 3-4 կարճ բաներ գրեցի` իմ ոճի մեջ: Ու մտածում էի` գուցե շտապեցի, արժեր դրանք էլ ներառել գրքում: Միանգամից ստացվեց: Ես որոշեցի մի բան, ստացվեց ուրիշ բան: Որոշեցի չգրել, բայց մի քանիսը միանգամից ծնվեցին: Հիմա ես ասում եմ, որ չեմ ուզում զբաղվել բուռն գրողի գործունեությամբ` շատ բաներ հաշվի առնելով, իհարկե, բայց գուցե գնամ տուն կամ ինչ-որ մի տեղ նստած լինեմ, մտքեր գան ու ցանկանամ գրել: Պարզ ասեմ. կա մի նախագիծ, կմախք, որի հիման վրա պիտի ստեղծագործություն գրեմ, բայց ընդարձակ է լինելու: Ուղղակի ամեն անգամ հետաձգվում է կարճ ստեղծագործություններով: Երբ որոշում եմ այդ ընդարձակ ստեղծագործությանը սկիզբ տալ, միանգամից ծնվում է մի կարճ ստեղծագործություն, ներսս դատարկվում է ու չեմ կարողանում սկսել:
– Կարողանու՞մ եք պահպանել Ձեր սկզբունքները:
– Երբեք չեմ ասել` կյանքը սա է ու վերջ: Արդեն տասը տարի ունեմ կյանքի նշանաբան. «Երբեք մի ասա երբեք»: Բոլորս էլ ունենք սկզբունքներ, կարծրատիպեր, բայց գալիս է պահ, որ կամքիցդ անկախ այդ կարծրատիպերն էլ են քանդվում, միշտ ինչ-որ բանի ընտելանում ես, իհարկե, բարոյականության սահմաններում: Չնայած` այդ բարոյականությունը ամեն մարդ իր համար է որոշում, թե որն է: Կարող է քո բարոյականությունը համընկնի համընդհանուր բարոյականության սկզբունքի հետ, այն հասարակության մեջ, որում ապրում ես, կարող է չընդունվել այդ հասարակության կողմից, և դու այլախոհ համարվես: Ուղղակի միշտ քո մարդկային բարոյականությունը աստվածային բարոյականության հետ համեմատականի մեջ պիտի դնես, եթե հավատացյալ մարդ ես, քրիստոնյա ես քեզ համարում, կամ այն բարոյականության հետ, որին դավանում ես դու: Իհարկե, դժվար է, բայց գոնե գլխավորի մեջ պիտի փորձես միշտ զուգահեռ անցկացնել:
Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆ