Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 43.
Սկիզբը` նախորդիվ
43.
Մշակույթային
Մշակութային
«Լույս, հույս, բույս, կույս, թույն, գույն», ինչպես նաև «ույթ» ածանցով վերջացող բառերի հոլովման, խոնարհման կամ բառաբարդման ժամանակ յ-ն ընկնում է` «լուսավոր, հուսալի, բուսական, կուսական, թունավոր, գունավոր, մրցութային»: Հնչյունաբանական նույն փոփոխությունն է կրում նաև «մշակույթ» բառը: Բառակազմության ժամանակ այն զրկվում է յ-ից, ինչը բառի արտասանությունն ավելի է գեղեցկացնում` «մշակութային»: Համանմանությամբ` «բարդութավորվել, բնութագիր, արժութային»: «Համբույր» բառի յ-ն ևս ընկնելու հակում ունի՝ «համբուրել, համբուրելի, համբուրվող»: Բազմաթիվ բարդություններ կազմվում են «բույժ» արմատով, որը նույնպես անփոփոխ չի մնում, օրինակ՝ «ատամնաբույժ»-ը դառնում է «ատամնաբուժական», «վիրաբույժ»-ը՝ վիրաբուժական» և այլն:
Յուրաքանչյուր տղաներ
Յուրաքանչյուր տղա
Ոչ և ոչ՝ գոյականի լրացման թիվը եզակին է` յուրաքանչյուր տղա: Յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր հասկացություն, յուրաքանչյուր աշխարհամաս…
Նախարարն իր մոտ է
Նախարարը տեղում է
Ֆիզիկայի օրենքներով գուցե սա հնարավոր է, սակայն հայոց լեզուն նման հնարավորություն չի ընձեռում: Նախարարը «տեղում է» կամ՝ «իր աշխատասենյակում»: Երկրորդ դեպքում նախադասությանը մի երկարաշունչ բառ է ավելանում, բայց սա այն բացառություններից է, երբ հակիրճությունը զոհաբերվում է հանուն իմաստի: Լեզուն ևս զոհեր է պահանջում:
Ներդրումներն աճում են
Ներդրումներն ավելանում են
Մեր ազգային ընկալմամբ աճելու հատկություն ունեն բուսական աշխարհի ներկայացուցիչները՝ խոտը, ծաղիկները, ծառերը… Սակայն արդի գրավոր և բանավոր խոսքում «աճ»-ի համատարած շահարկումը հասել է զայրացուցիչ աստիճանի: Կարճության շնորհիվ բառի գործածումն անշուշտ գայթակղիչ է, այդուհանդերձ հարկավոր է առաջնայինը բովանդակությունը դարձնել: Այսպես՝ ներդրումները կարող են ավելանալ, հիվանդությունը՝ խորանալ, թիվը՝ մեծանալ, մակարդակը՝ բարձրանալ, աղքատությունը՝ ահագնանալ կամ նվազել, իրադարձությունները՝ ծավալվել:
Ներեղություն
Ներողություն
Որրքան էլ ամրագրելը ցավալի է՝ քչերն են այս բառը ճիշտ արտասանում և գրում: Հիշելու համար կարելի է մտքում փոքրիկ վարժություն անել՝ բառը բաժանել տարբեր մասերի, ասենք` «ներող եղեք», «ներող կլինեք»: Ահաև մոտեցանք ճիշտ` «ներողություն» բառին: Ընդմիշտ հիշելու համար մտաբերեք հայտնի բառակապակցությունը՝ «ձեր ներողամտությունն եմ հայցում»: Ոչ ոք «ներեղամտություն» չի ասում:
Շարունակելի