Ինքնակենսագրության «դարձդարձիկ աստիճաններին» ինքը գրեթե չկա՝ ներկա է իր մեծ երազանք-Հայաստանը. Անուշ Նագգաշյան
Երուսաղեմից բերված մի գիրք` «Փոքրիկ աղջիկը մեծ երազով» վերնագրով, սկզբում ինձ համար ցնծության հորդ աղբյուր դարձավ, ապա ստիպեց փնտրել հեղինակի կերպարի թաքուն գույները: Կարծես թե գտա ահա այս փոքրիկ ակնարկում, որ տպագրվեց «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի երկլեզու համարներում:
… Որ սփյուռքից հայրենիք եկած գեղեցկուհին հայ գրականության, մասնավորաբար չափածոյի զարդերից է դառնալու՝ ես կռահել էի շատ վաղուց՝ նրա մասին գրածս ռադիոակնարկում: Հանդիպեցինք Զեյթունի հանրակացարանում, ուր նրա նման շատ սփյուռքահայ ուսանողներ էին ապրում, իսկ ես հանձնառություն ունեի ռադիոյով նրանց կյանքը պարբերաբար լուսաբանելու: Ակնարկս ճանաչվեց շաբաթվա լավագույն հաղորդումը, ու ես, որ լրագրողական համեստությամբ առանձնապես չեմ փայլում, այդ անգամ մտածեցի, որ հաջողության գաղտնիքն իմ գրչի մեջ չէ, այլ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանող այդ շենշող, մտացի, տաղանդավոր աղջկա կերպարում:
Հետագայում նրա անունը լսելիս ակամա զգաստանում էի, ու այդ ապրումի մեջ հպարտության փոքրիկ նշույլ կար. սկզբում նրա համար, ասես ես էի նրա կենսագիրը, հետագայում նրա համար, որ երկուսս էլ կին ենք ու մանավանդ՝ հայուհի, իսկ հիմա, այս լուսառատ գիրքը կարդալուց հետո, որ ազգի արմատը սնուցողը նրա նման խորագիտակ, խորազգա ու անհավատալիության աստիճան անկեղծ բնաստեղծներն են, այս անգամ արդեն՝ նաև արձակագիրը:
Անուշի ինքնակենսագրության «դարձդարձիկ աստիճաններին» ինքը գրեթե չկա՝ ներկա է իր մեծ երազանք-Հայաստանը.
«Հայաստան … Ի՞նչ եմ առանց քեզ…
Հայ՝ առանց տան…»:
Այդպես է գրում ու պատգամում մտավորականուհին: Չկարծեք, թե հիասթափության պահեր չի ապրել. առաջին անգամ Երևանում տրամվայից իջնելիս տալոն են պահանջում, նա էլ՝ «Հայաստանում կոմունիզմ չէ՞»: Ով սուրբ անմեղություն:
Ու դասեր է առնում. աթեիզմի դասախոսին, որ բոլոր անհավատներին կտրում էր, միանգամից լեզվակոխ է անում՝ «մենք պապայով, մամայով աթեիստ ենք»:
Ինքնապաշտպանության մի փոքրիկ սխրանք, որի միջոցին մտքի մեջ չի ջնջում Երուսաղեմի իրենց տան բանկը, այն գրեթե Սուրբ Հակոբ եկեղեցու գավիթն էր: Այդ բակում են հյուսվել նրա մանկական երազանքները ու իրականության հանդերձներ հագել մեծ երազը՝ այսօրվա Հայաստանը: Նույն երկիրը, որ ամենքս մեր չափով դատափետում ու բզկտում ենք՝ հետևանք ու տարածաշրջան մոռացած:
Անուշն այսօր էլ Երուսաղեմում է ապրում, միաժամանակ Երևանում տուն ունի: Ցանկացած պահի զավակի հետ կարող է գալ, վայելել երևանյան աշունը, քաղաքի մտավորական երեկույթները ու դիտել, անվերջ դիտել Արարատի զույգ գագաթները:
Մեր քաղաքում անկեղծ գրողներ շատ կան, բանաստեղծուհիներ էլ կան, որոնք ամոթի քողը մեկդի շպրտած՝ մարմնական մորմոքներ են զառանցում, հայրենիք ու ազգ ապականում: Անուշը նրանց հակապատկերն է, բայց ոչ նրանով, որ կանացիության մասին իսպառ մոռացել է կամ էլ քաջություն չի ունեցել հնգամյա կապուտաչյա Գևորգ դասընկերոջից «պաչիկ մը գողնալ»: Նրանով է տարբերվում, որ մարդկային բոլոր թուլությունների մեջ ոչ մի ակնթարթ չի մոռանում իր ով ու որտեղացի լինելը, երկրպագում է ամենայն վսեմը:
Մի անգամ Երուսաղեմի կենտրոնական ռեստորաններից մեկում ճաշի է հրավիրվում: Հանկարծ նկատում է, որ քսան տարվա մեջ առաջին անգամ դեղը չի վերցրել: Ճաշել չէր կարող, հրավիրողի հետ ռեստորանից ափսոսանքով հեռանում են: Քիչ անց նույն տեղում սարսափելի պայթյուն է լսվում՝ կառույցը հողի երեսից վերանում է:
Մի՞թե մարդու արյան մեջ պետք է շաքարի ավելցուկ լինի, որ ճակատագիրը նրան պաշտպանի:
Սա չէ, անշուշտ սա չէ Անուշ Նագգաշյան նրբանուրբ, իմաստուն երևույթի լինելության խորհուրդը: Նա պարզապես ծնվել է ճիշտ ընտանիքում, դաստիարակվել ճիշտ մթնոլուրտում ու հանդիպել ճիշտ մարդկանց:
Իսկ ամենակարևորն այն է, որ նրա գրած գրքերը հերքում են հոռետեսների պնդումները, թե հոգիներում ու կյանքում միայն խավարն է տիրում, թե կորսվում են տեսակ ու ապագա, թե ունայն է ամեն բան և անգամ ոգին:
Անուշ Նագգաշյանի բանաստեղծություններն ու ինքնակենսագրությունը լույսի ու ջերմության այնպիսի ակունք են, որի գոյության մասին ահա-ահա պիտի մոռանայինք, բայց բախտ է, որ այն բխեց ու սրբագործեց առօրեականության չափ հանրահայտ ճշմարտությունները:
Պարզապես հրաշալի է, որ ժամանակակից աշխարհում հայի ու հայի միջև այլևս անջրպետներ չկան, և այսպիսի գրքերը, անկեղծության այսպիսի պոռթկումները վարակիչ հրճվանքի նման կտրում-անցնում են տարածությունը, սփռվում են մոլորակով մեկ ու գալիս կիզակետվում մեր մեծ երազանքում՝ այսօր Հայաստանում, վաղը, ով իմանա, վաղնջական բնօրրանում:
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ