Կարևոր է` երազա՛նքը թևածի…
Երիտասարդ բանաստեղծ Ալեքսանդր Տեր – Գաբրիելյանը, որ ստեղծագործում է ռուսաց լեզվով, Magaghat.am կայքին տված հարցազրույցում նա պատմեց կյանքի վերաբերյալ իր մտորումների, ինչպես նաև իր բանաստեղծությունների մասին։
– Ե՞րբ եք Դուք տեղափոխվել Հայաստան, և այդ ընթացքում երկիրը ի՞նչ
տպավորություն է գործել Ձեզ վրա։
– Հայաստան եմ տեղափոխվել հինգ տարի առաջ Մոսկվայից։ Եկել եմ այստեղ, քանի որ այս երկիրն ինձ ծանոթ է. հայրս հայ է, մայրս ռուս, նրանք ամուսնալուծված են։ Մի պահ եղավ, որ պետք էր ընտրություն անել` որտեղ ապրել` Հայաստանում թե Ռուսաստանում, և ես ընտրեցի Հայաստանը։
Երբ համեմատում եմ երկու երկրները, ապա նկատում եմ որոշակի հակադրություններ։
Ռուսաստանում այժմ ուսումնասիրում են միայն սեփական մշակույթը և կարծում, թե այդպիսով կարող են ճանաչել նաև աշխարհը, այնինչ դա հնարավոր չէ, և դա բացասական միտում է:
Այստեղ ՝ Հայաստանում, մարդկային հարաբերություններում նկատվում է որոշակի կեղծիք։ Իհարկե, դա համատարած չէ, բայց այդ երևույթն այնուամենայնիվ առկա է։
Օրինակ` աղջիկների և տղաների փոխհարաբերություններում այնտեղ շատ հաճախ կարող ես տեսնել տղայի տառապանքները, որ միգուցե հանկարծակի խոստովանել է իր զգացմունքներն ու մերժվել է։ Այստեղ դա չեմ նկատում։ Եթե տղաները չեն ցուցադրում իրենց հույզերը միայն այն պատճառով, որ ամոթ է, ապա, ըստ իս, դա սահամանափակում է մարդուն և դարձնում թերարժեք։ Երևի թե դա նաև մենթալիտետի հարց է, բայց, ամեն դեպքում, մարդն ինքն է գիտակցորեն ընտրում, որ չպետք է արտահայտվի, որովհետև դա կարող է թուլություն համարվել։ Շատ մարդիկ ունեն անչափ խորը և լեցուն սիրային զգացմունքներ, որոնք այդպես էլ մնում են ներսում։ Իհարկե, չես կարող դրա մասին պատմել բոլորին, բայց պետք է ձևավորվի մարդկանց մի խումբ, որին կարող ես վստահել և քեզ շատ ավելի լավ զգալ։
-Ո՞ր տարիքում եք սկսել ստեղծագործել։
-Սկսել եմ գրել տասնինը տարեկանում` Երևան տեղափոխվելուց հետո։ Շատ մեծ հետաքրքրություն կար նոր քաղաքի, մշակույթի հանդեպ, և ես մտքերս ու հույզերս արտահայտելու պահանջ զգացի։
-Ձեր բանաստեղծությունների մեջ նշմարվում են մելանխոլիայի, տխրության նոտաներ։ Ինչի՞ հետ է դա կապված։
-Այո, իմ բանաստեղծություններում հստակ են մելանխոլիայի և տխրության նոտաները։ Լինում են պահեր, երբ պետք է հաղթահարես դա, բայց չեմ կարող ասել`ես մելանխոլիկ եմ, չնայած իմ բանաստեղծությունները կարդալիս կարելի է հանգել այդպիսի եզրակացության։ Բանաստեղծություն գրելու գարծընթացը շատ մեծ հաճույք է, ինչպես նաև հաճույք է բանաստեղծության մեջ թախծոտ մտքերի արտահայտումը։
-Ձեր բանասատեղծություններում առկա են նաև միայնության նոտաներ, իսկ դրա պատճառը ո՞րն է:
-Միայնությունը, որ կա իմ բանաստեղծություններում, ըստ իս, հատուկ է բոլոր մարդկանց, և դա է ինձ կապում մյուսներին։ Եվ, թերևս, այն միջոցը, որով ես եմ փորձում հաղթահարել այդ միայնությունը, այն է, ինչով ես տարբերվում եմ մյուսներից։
Ես ունեմ բանստեղծություններ, որոնք կրում են տարբեր դրպրոցների, տարբեր բանաստեղծների ազդեցությունը։ Փորձում եմ այնպես անել, որ իմ բանաստեղծությունները կոնտակտի մեջ լինեն յուրաքանչյուր պոտենցյալ ընթերցողի, յուրաքանչյուր մարդու, և հատկապես ինձ հետաքրքրող հեղինակների և նրանց արտահայտած մտքերի հետ։
-Ինչի՞ մասին եք երազում:
-Ես այնպիսի մարդ չեմ, որ ֆանատիկորեն ձգտում է ինչ-որ նպատակի։ Նույնիսկ որոշակի անտարբերություն եմ պահպանում իմ նպատակների հանդեպ։ Ինձ համար կարևոր է, որ երազանքը միշտ թևածի իմ շուրջը։ Երազանքին հասնելու փաստը կարող է արգելակել հետագա զարգացումը։
-Ձեր բանաստեղծություններում հաճախ արտացոլվում են նկարներ։ Դուք նկարու՞մ եք։
-Ո՛չ, չեմ նկարում, սակայն նկարները կարող են ինձ ոգեշնչել, որպեսզի ես բանաստեղծություն գրեմ։ Նորմալ եմ համարում, եթե բանաստեղծության մեջ չի արտացոլվում նկարների որոշակի հերթականություն, շատերին դա կարող է հանգեցնել այն մտքին, որ տվյալ բանաստեղծությունն այնքան էլ լավը չէ։
Եթե դու ձգտում ես ինչ–որ նոր բան գրել կամ ինչ–որ նոր կերպար ստեղծել, ապա հատկապես գեղարվեստն է կարող թարմություն հաղորդել այդ գործին։ Կանոնը գեղարվեստական տեքստում ի սկսզբանե անհեթեթություն է, և այդ կանոնների պատմական ձևափոխությունների ուսումնասիրությունը կարևոր է միայն որոշ հեղինակների դեպքում: Բայց ահա տեսաընկալումը շատ մեծ նշանակություն ունեցող գործոն է։ Մենք սովոր ենք որ կինը պետք է այսպիսի տեսք ունենա, իսկ նրա կողքի տղամարդը` այնպիսի, բայց դիտելով Շագալ` մենք տեսնում ենք, որ եթե անգամ կինը համարյա գլխիվայր է կախված և աշխարհին նայում է ինչ–որ թռչնային դեմքի հիմար արտահայտությամբ, ապա, միևնույն է, դա գեղեցիկ է։ Հենց դա է ստիպում նորովի մտածելու և գնահատելու աշխարհը, և նման պատկերներն են ինձ սովորեցրել և ոգեշնչել գրել։
Մենք հավելենք, որ երիտասարդ գրողի «Աշխարհը անվերջ էր ու մաքուր» ( “Был мир бесконечен и чист”) ժողովածուն (Ալեքսանդր Տեր – Գաբրիելյանի բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ru.aravot.am) կարելի է գնել «Արտբրիջ» սրճարանից և, շատ շուտով, Երևանի գրախանութներից:
ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ