ՆԺԴԵՀԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՏԵՍՆԵԼՆ ԷՐ
Հրաչուհի Փալանդուզյանի զրույցը փիլիսոփա, նժդեհագետ Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ հետ -, «Մեր երկրագնդի վրա երկու ուժեր չեն հոգնում` ժամանակն ու հայը` մեկը կործանելով, մյուսը վերաշինելով»: Հայի այլ` ավելի ամբողջական բնութագիր Նժդեհը սահմանե՞լ է:
-Որպես այդպիսին` առանձին սահմանում Նժդեհը չի տվել, բայց նրա տեսական ժառանգության մեջ կան հայի կերպարին նվիրված բազմաթիվ բաժիններ: Նա այսպիսի հարցադրումներ է կատարում` ինչպիսի՞ն էինք, ինչպիսի՞ն ենք և ինչպիսի՞ն պետք է լինենք: Այսօր այնպիսին չենք, ինչպիսին էինք, բայց պարտականություն ունենք դառնալու այն` ինչ էինք և գերազանցելու դա: Ընդհանուր առմամբ հային հատուկ են անընչասիրությունը և շինարար ոգին: Հատուկ չէ չարախնդությունը` չար ուրախությունը: Հայը տառապում է ոչ միայն իր «գոյության ծանրածանր պայքարի արդար ցավից, այլև մարդու և աշխարհի անկատարության գիտակցությունից»:
-Ժամանակին Նժդեհը խիստ մեղադրանքներ է ուղղել Մայքլ Առլեն Ավագին` հայոց հոգեբարոյական նկարագրին տված բացասական գնահատականի համար: Պատճառը ո՞րն էր:
-Մայքլ Առլենն իր մի շարք հրապարակումներում խոսել է հայի կերպարի թերի կողմերի մասին, ինչն էլ դարձել է Նժդեհի «Բաց նամակ Մայքլ Առլենին» փոքրածավալ հոդվածը գրելու շարժառիթը: Խնդիրն այն է, որ Նժդեհը գրողի քննադատությունը կառուցողական չի համարել, հիմնավորելով, որ այն ուղղված է ոչ թե հայի հոգեբարոյական կերպարի վերափոխմանը, այլ սեփական ազգային պատկանելությունից փախուստին:
– Հայաստան կամ Հայրենիք հասկացության նժդեհյան բանաձևում գոյություն ունի՞:
– Ըստ նրա` Հայրենիքը երկու ընկալում ունի` աշխարհագրական և հոգևոր: Տարածքը Հայրենիքի միայն աշխարհագրական զրահն է: Երբ Նժդեհն ստեղծեց ցեղակրոնության ուսմունքը` նրա նպատակ հռչակեց հային մշակութային ու քաղաքական անտերությունից փրկելը և հայրենատեր դարձնելը: Որպես քաղաքական գործիչ` նա հայի խնդիրը համարում էր Արևմտյան Հայաստանի ազատագրումը և պատմական արդարության վերականգնումը:
– Արևմտյան Հայաստանի ազատագրման հնարավորությունը նա շաղկապել է երկրորդ աշխարհամարտի ելքին և դրանով պետք է բացատրել նաև նրա համագործակցությունը հիտլերյան Գերմանիայի հետ: Կարծես թե այս կապը մեկնաբանության կարիք չունի, այդուհանդերձ մինչ օրս շահարկվում են Նժդեհի և նացիստների ընդհանրությունները:
– Հենց որևէ մեկը ցանկանում է Նժդեհի կերպարի շուրջը բացասական մթնոլորտ ձևավորել` մեջտեղ է բերում այդ որակումը: Սակայն հիտլերյան գաղափարախոսության և Նժդեհի տեսական ժառանգության միջև ոչ մի ընդհանրություն չկա, հակառակը պնդողներն ընդամենը մեթոդաբանական անգրագիտություն են դրսևորում: Այո, նա համագործակցեց նացիստների հետ, բայց միայն այն պատճառով, որ տվյալ ժամանակաշրջանում հայափրկության այլընտրանք չկար: Չմոռանանք, որ երբ 1930-ականներին Գերմանիայում հակահայ հզոր ալիք բարձրացավ` տեղի հայ համայնքը Նժդեհի նախաձեռնությամբ և Արտաշես Աբեղյանի գործուն մասնակցությամբ հանձն առավ այդ ալիքի մեղմման աշխատանքը և գերմանական կառավարությունը հայանպաստ որոշումներ ընդունեց:
-Ցեղակրոնության մեջ ևս ոմանք նացիզմ են պեղում:
-Այո, հատկապես մաքուր արյան պաշտամունքին և խառնամուսնությունների բացառմանը վերաբերող դրույթներում: Ցեղակրոնության պաշտամունքային օբյեկտների շարքում արյան պաշտամունքը տեղ է գտել ոչ թե հարցի կենսաբանականացման ներքին համոզմունքով, այլ նախևառաջ տվյալ ժամանակաշրջանում որոշակի խնդիրների լուծման նպատակով: Ուզում եմ կրկնել հանրահայտ հակափաստարկը` արյան հիտլերայան միստիֆիկացիան արյունալի էր, ենթադրում էր աստիճանակարգություն, նժդեհյանը՝ միանգամայն հակառակը:
-Մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք իշխանություններին հարվածելու նպատակով նրանց քամահրանքով կոչում են «նժդեհական»: Իհարկե, իշխանություններին պետք է հաճախ քննադատել, սակայն մի տպավորություն ունեմ, թե սա ներմուծված մարտավարություն է: Թե՞ պարզ թյուրըմբռնում է:
-Ես կասեի՝ և այն, և այն: Ես բացում եմ հայրենական մամուլը և տեսնում նժդեհյան չիմացությամբ Նժդեհի քննադատություն: Հոդվածագիրը եթե ցանկանար՝ անգամ սեփական ջանքերով դա կհաղթահարեր: Բայց երբ տեսնում եմ, որ դա քաղաքական որոշակի պատվեր է` համարում եմ անթույլտրելի: Դա ոչ միայն հարգանքի տուրք չէ անցյալի մեր մեծերի հանդեպ, այլև ընդվզում է մեր ապագայի նկատմամբ:
-Ասում է՝ «Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»: Մեր «ազգային տականքից» փրկվելու միջոցը ևս, կարծում եմ, ինքնաճանաչությունն է, որն այսօր մի բարձիթողի ոլորտ է: Հենց իր՝ Նժդեհի մասին ամբողջ հայ ժողովո՞ւրդը գիտի, երիտասարդությունը նրա գաղափարներով կրթվո՞ւմ է:
-Շատ քիչ հայ կգտնենք, որ Նժդեհի անունը լսած չլինի: Այլ կերպ ասած՝ նա հայտնի անուն է: Բայց ցավալին այն է, որ հայտնի չէ, թե ինչով է հայտնի կամ ինչով է արժանի հայտնի լինելու: Նժդեհի ժառանգության քարոզչության առումով որոշակի աշխատանք կատարվում է, սակայն դա բավարար չէ, որպեսզի հայ հասարակությունը խորությամբ ըմբռնի, ապաև կենսագործի մեծ մտածողի թե ազգաշահ, թե համամարդկային գաղափարները:
«Ազգային գիտակցություն» հիմնադրամ, 2007թ.
Հրաչուհի Փալանդուզյան