Գագիկ Ղազարյանի ձևերի ու գծերի աշխարհը
Մեր առջև բառիս բուն իմաստով կատարյալ դասական արվեստագետ է: Դասական երկու իմաստով` ակադեմիական վիրտուոզություն և մարդկանց (հատկապես կանացի) ու կենդանիների մարմնի մերկ կարպերի օրգանական կյանքի նկատմամբ գրեթե պաշտամունքի հասնող ակնածանք, որ հազվադեպ է հայ կերպարվեստում:
Ըստ էության Գագիկ Ղազարյանի սկզբնական տարրական նկարչական կրթությունը Կոջոյանի նկարչական դպրոցում նրան զգայուն է դարձրել ուրվագծի, լույսուստվերի ու տոնայնության նկատմամբ, որ ուղեկցել է նրան ամբողջ կյանքում: Այդ զգայնությունը և անմիջականությունը կիրառման ավելի մեծ հնարավորություններ է ստացել միջնակարգ և բարձրագույն ուսումնառության շրջանում հմուտ և ճանաչված արվեստագետների հսկողությամբ, որոնք միայն խրախուսել են նրա այդ նրբազգացությունը: Ս. Պետերբուրգի Ռեպինի անվ. ինստիտուտում (հին ակադեմիական ավանդների այդ դարբնոցում) նա ուներ մերկ բնորդների (մանավանդ կանացի) անսահմանափակ ընտրություն: Իսկ բնորդների և բնորդուհիների նման բազմազանությունը արվեստագետի զգայուն հոգուն թելադրել է նաև արտահայտչական և տեխնիկական միջոցների բազմազանություն: Բայց դրա համար արվեստագետը պիտի ունենա նաև հարուստ զինանոց, որ ակադեմիական կրթությունըիր որոշակի կանոնակարգով կարող է սահմանափակել և իր տաբուն դնել: Միևնույն ժամանակ ակադեմիական կրթությունը և հմտությունը, միացած բարձր ճաշակի ու հարուստ զինանոցի հետ, կարող է սանձել արտահայտության անարխիան, և դա է, որ արվեստագետին կասեցրել է հիվանդագին ծյուրված արտահայտություններից և նեղանձնական քմայքներից:
Գ. Ղազարյանի գծանկարների էսթետիկան ձևավորված է բարոկկոյից մինչև պոստիմպրեսիոնիզմ, ընդ որում կարծես անցած Ռոդենի, Մայոլի և Ռենուարի պրիզմայից: Անշուշտ այդ գծանկարների մի մասի արտահայտության վրա մեծ է նորդասական և ռոդենյան մարմարե արձանների լուսատոնային աստիճանավորման ազդեցությունը: Այդ խմբի գծանկարները, որոնք մեծ մասամբ արված են մերկ բնորդուհիներից, ձևավորվում են ուրվագծի շնորհիվ, որը շեշտված ու մեղմ իր անցումներով, բեկբեկումներով ու կորերով, գծերի հաստության և բարակության և գրեթե անհետանալու շնորհիվ, կերտում է մարմնի զանգվածը` մոտեցնելով կամ հեռացնելով հզոր, առողջ ու հասուն մարմնի այս կամ այն պլանը: Այստեղ է, մարմնի հանգիստ, բայց հարուստ գալարումների մեջ, որ զգացվում է բազմահազար մանր ու մեծ ճեպանկարների ու գծանկարների հարուստ ու կենդանի փորձը: Ուրվագծերից հետո սկսվում է ոսկրամկանային ու ճարպային զանգվածների տոնային ու լուսաստվերային մշակումը, որի շնորհիվ լույսաստվերային կտրուկ կամ մեղմ անցումներով գծանկարը վերածվում է քանդականկարի (այդ կարգի գծանկարի հիմքում կանգնած են Լուկա Սինյորելլին, Միքելանջելոն և Ռաֆայելը ուշ շրջանում): Բայց երբ իր գործի վարպետը անցնում է ֆանտաստիկ-առասպելական ու ֆոլկլորային կերպարների (միմյանց հետ սերտաճած նույն սեռի կամ տարբեր սեռերի երկվորյակներ, հզոր մարմնով պոչավոր սատիրներ, կենտավրոսներ, զանազան հմայուհիներ դատարկ կամ չերևացող աչքերով, գզգզված կամ հավաք մազերով, միջատներով, թռչուններով, պտուղներով և այլն), այստեղ պետք է գալիս 20-րդ դարի այն արվեստագետների փորձը, որոնք կերտել են մարդկային մարմնի օրգանական ձևերի շրջանակներում (Պիկասո, Լորան, Լիպշից, Մուր), երբ մարմնի ձևերը և անդամները չեն անհետացել կամ մնացել են սաղմնային վիճակում:
Գծանկարների հաջորդ տիպը ավելի գեղանկարչական է, ավելի մեծ չափով է օժտված գրացիայով, ի տարբերություն նախորդ տիպի զանգվածային լինելուն: Դրանց մի մասը ավելի կենդանի նատուրալիստական է զուտ կենսականության տեսակետից: Այդ գծանկարները ածուխով են, սանգինայով, տուշով, սեպիայով, պաստելով տարբեր հաստության, գույների ու չափերի թղթերի վրա: Հաճախ միաժամանակ օգտագործվում են տարբեր նյութեր` ածուխի կամ սոուսի հետ սանգինա, պաստել և այլն: Դրանց մի մասը (հիմնականում պաստել), որ արված է մինչակադեմիական շրջանում, փափկությամբ, մշուշայնությամբ, առանձին խարակտերային մասերի (աչքեր, ծնկեր, կողեր, սրունքներ և այլն) շեշտումով արձագանքում են 19-րդ դարի կեսի Ֆրանսիական մի քանի նկարիչների (Դեգա, Թուլուզ-Լոտրեկ, Վյույար) գծանկարներին թե թեմատիկայով, թե տիպաժներով: Գծանկարների մյուս խումբն ավելի ռոմանտիկ բնույթ ունի` հիշեցնելով Բուշեի, Պրյուդոնի ածխանկարների փափկությունը, լավագույնս արտահայտելով կանացի մաշկի թավշյա քնքշությունը: Այլ գծանկարներ, որոնք պատկանում են մերկ հասուն կանանց կամ դիմացից, կամ թիկունքից` ակադեմիական ստանդարտ դիրքերով, հարուստ հյութեղ կազմվածքի հետ կարծես ներկայացնում են նրանց թաքնված տեմպերամենտը և արյան շրջանառությունը` ինչ որ բան Ռենուարի կանացի մարմինների և Մայոլի բրոնզե աստվածուհիների միջև: Եվ կան տուշով, կոշտ ոճով նկարված նյուեր, որոնք իրենց անողոք ռեալիզմով հիշեցնում են Ռեմբրանդտի ածխականներն ու գրչանկարները: Այս կարգի նկարների շարքին կարելի է դասել նաև աշխով, սանգինայով ու պաստելով արված կենդանապատկերները – առյուծներ, կատուներ, վարազներ, փղեր, եղնիկներ` չափազանց կենդանի ու պլաստիկ, գրեթե տալով նրանց պողպատյա մկանները, կենդանի էլաստիկությունը, փղային հաստ մորթու խորշոմները իրենց խորդուբորդություններով և այլն:
Վիգեն Ղազարյան
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր