«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»
2013 թ. լույս տեսավ ՀՀԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր «Հանդես»ի նոր գիրքը` «Ստանիսլավսկու սիստեմը և խաղի պարադոքսը» վերնագրով: Գրքի հրատարակությունը համընկել է թատերական գործչի` Ստանիսլավսկու 150- ամյա հոբելյանին, ինչը խորհրդանշական է` նկատի ունենալով այն չմարող հետաքրքրությունը նրա անվան շուրջը, որ դրսևորում է համաշխարհային թատերական մշակույթը առ այսօր: Ստորև ներկայացվող հարցազրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որ վարել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել բազմավաստակ թատերագետի շատ կողմերով ուշագրավ աշխատությունը, այլև մեկնաբանել և պարզաբանել որոշ խնդիրների մեկնակետային նշանակությունը` իբրև առաջնադրույթներ:
«Հանդես»
«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»
«Այս գիրքը սեղանիս է սկսած` ուսանողական շրջանից…». այսպես է սկսվում Հենրիկ Հովհաննիսյանի առայժմ վերջին` «Ստանիսլավսկու «սիստեմը» և խաղի պարադոքսը» գիրքը: Այսինքն` շրջանառության մեջ է մեր իրականության մեջ բացառիկ թատերագետ-տեսաբանի ևս մի աշխատությունը, որ «մշակվել է տարիների ընթացքում և հանգեցրել նոր հարցերի»: -Պ. Հովհաննիսյան, նախ շնորհավորում եմ Ձեզ գրքի հրատարակման առիթով: Կարծում եմ՝ այս գիրքը Ձեր ամենամասնագիտական աշխատանքն է, գիտամեթոդաբանական արժեք ունի և պետք է դառնա մասնագետների սեղանի գիրքը: Եվ բնականաբար, այն բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնք կարող են հետաքրքրել նաև շատերին, ու թերևս դա է պատճառը մեր այսօրվա զրույցի: Նախ ինչու՞ որոշեցիք անդրադառնալ Ստանիսլավսկու սիստեմին, արդյո՞ք Ձեզ չվախեցրեց տարիներ շարունակ մի տեսակ տեսություն ու հավատամք դարձած գիրքը վերընթերցելու գաղափարը: Փաստորեն Դուք ոչ միայն մանրամասն անդրադարձել եք սիստեմին, այլև սթափ ու քննական հայացքով քայլ առ քայլ վերլուծել այն, փորձելով բացել նրա «գաղտնիքները»` մեկնաբանել, համաձայնել կամ չհամաձայնել` միաժամանակ հիմնավորելով ու բացատրելով Ձեր առարկությունները: -Հարցը շատ բնական է, այնքանով բնական, որքանով ես դա նախատեսել եմ գրքիս առաջին իսկ էջում: Դպրոցական տարիքում, երբ մտածում էի ընդունվել թատերական ինստիտուտ, ձեռքիս էր Ստանիսլավսկու աշխատությունը, որ ճանկռում էի` մի բան հասկանալու համար: Ռուսերեն լավ չգիտեի ու տանջվում էի բառարանը ձեռքիս: Եվ ռուսերենը սովորեցի այդ գրքով: Երբ ընդունելության քննություններ էի հանձնում թատերական ինստիտուտում, դա 1954–ին էր, արդեն ծանոթ էի Ստանիսլավսկու «սիստեմին», և կասկած էր ընկել մեջս՝ արժե՞ արդյոք դերասան դառնալ: Բայց հաղթահարեցի կասկածս և որոշեցի՝ ինչքան լավ իմանամ այդ «ավետարանը», այնքան լավ կխաղամ: Բայց պարզվեց հակառակը: «Սիստեմն» ինձ մտքեր տվեց և սպանեց իմ մեջ խաղալու ցանկությունը: Դա նկատեց ուսուցիչս՝ Արմեն Գուլակյանը: «Քանի՞ անգամ ես կարդացել էս գիրքը», հարցրեց ու սկսեց թերթել: «Ամենակարևոր տեղերը գծել ես, – ասաց, -երեք գույնի մատիտ եմ տեսնում. աղել ու մաղել ես, ես քեզ ի՞նչ հարց տամ…»: Մի անգամ էլ, երբ բեմում փորձում էինք «Անհանգիստ ծերություն» պիեսը, և ես հեղափոխական ասպիրանտ Բոչարովի անհետաքրքիր դերն էի չարչարում ըստ «սիստեմի», Գուլակյանը կանգնեցրեց փորձը. «Հենրի, սիրելիս…»: Եթե ասում էր «սիրելիս», նշանակում էր՝ դժգոհ է: «Որ մտածելով ես գործում, լավ ես անում, -ասաց, -բայց կասկածելով մի՛ գործիր, կասկածներդ տանը թող. կասկածելով չի կարելի բեմ մտնել»: Այո՜, կասկած, որտեղ միտք, այնտեղ կասկած: Ես ինձ վրա էի կասկածում, ոչ «սիստեմի», և ջանում էի սիրել այդ ավետարանի վերածված համակարգը` որպես վերին ճշմարտություն, վերջնական ու սահմանային: Բայց սերը ե՞րբ է ջանք պահանջել այս աշխարհում: Եվ հետագայում միայն՝ 70-ական թվականների սկզբին, երբ գրում էի «Բեմական խոսքի պոետիկան» գիրքը, կասկածում էի արդեն ոչ ինձ, այլ «սիստեմի» վրա: Ես սկսեցի կարդալ դրան վերաբերող հնարավոր ամեն ինչ, և տարիների ընթացքում հասունացավ այն աշխատությունը, որի մասին խոսում ենք: Ի դեպ, «սիստեմ» բառը չակերտների մեջ է առել ինքը` Ստանիսլավսկին: Դա նշանակում է, որ խնդիրը լուծված չէ: շարունակելի «Հանդես»