Previous Story
ԿԱՐՈՏԱԲԱՂՁ ՎԻՐՈՒՍ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ

Թունդ հայրենասեր էր ու բոլոր հայրենասերների նման՝ դժբախտ ու ձախողակ: Շարունակ գյուտեր էր անում թշնամի երկրները քայքայելու համար, սակայն ոչ մի գյուտ չէին արտոնագրում, ավելին՝ ծաղրում էին ու ներվայնացնում նրան: Վերջին անգամ երկու օր առաջ տեսա փողոցում: Ջղաձիգ շարժումներով գնում էր ու քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ: Մոտեցա ու տարա դեպի մայթ.
— Ի՞նչ է պատահել:
— Սրիկաները վերջին երկու գյուտս էլ չգրանցեցին:
— Ի՞նչ գյուտեր էին:
— Դրանցով կարելի էր ամենակարճ ժամկետներում կործանել Թուրքիան ու
Ադրբեջանը, բայց սրանց ուղեղները ոչինչ չի մտնում:
— Հանգստացիր ու պատմիր:
— Ո՞ր մեկը պատմեմ:
— Առաջինը:
— Դրանով ես առաջարկում էի վարակվածներին ու վիրուսակիրներին ոչ թե անիմաստ մեկուսացնել ու պարարտացնել, այլ, քանի աշխարհը խառն է, օգտագործել թշնամիների դեմ:
— Այդ ո՞նց:
— Շատ պարզ: Հիվանդներին շարում ենք մեր սահմանների երկայնքով ու ,,կրա՛կ,, հրամանից հետո նրանք սկսում են կազմակերպված հազալ, փռշտալ ու թքել թշնամիների ուղղությամբ:
— Դա ի՞նչ կտա մեզ:
— Ո՞նց թե՝ ինչ: Հաշված օրերի ընթացքում թշնամիները կվարակվեն ու կսկսեն կործանվել:
— Բա ինչո՞ւ մերժեցին:
— Ասացին, որ սահմաններին մեր հիվանդները կհայտնվեն թշնամու դիպուկահարների տեսադաշտում ու չեն հասցնի փռշտալ: Նաև պատճառաբանեցին, որ քամին կարող է դիմացից փչել ու վիրուսը հակառակ ուղղությամբ կտարածվի:
— Բայց ոնց որ խելոք բան են ասել:
— Ես էլ դա ընդունեցի ու երկու գիշերում կատարելագործեցի գյուտս: Այդ մեկը իսկական գլուխգործոց է, բայց սրիկաները դա էլ չընդունեցին:
— Հապա դա պատմիր:
— Ես պարզեցի, որ վիրուսը տարածվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլև կարոտելու միջոցով:
— Ապշելու բան ես ասում: Ո՞նց թե՝ կարոտելու միջոցով:
— Այ հենց այդտեղ է հանճարեղությունը: Դա շատ անվտանգ ու հազարապատիկ արդյունավետ միջոց է: Հիվանդը թաքնվում է մի ապահով տեղում ու սկսում կարոտել թշնամիներին: Եթե ամեն վիրուսակիր օրական հինգ թշնամու կարոտի, ապա մինչև արտակարգ իրավիճակի ավարտը Թուրքիայից ու Ադրբեջանից բան չի մնա: Իսկ մենք հիմարաբար միայն մեր հարազատներին ենք կարոտում ու կարոտի միջոցով նրանց փոխանցում մեր բոլոր ցավերն ու հիվանդությունները:
— Բայց դու վստա՞հ ես, որ կարոտելով կարելի է վարակել:
— Այն էլ ոնց: Չէ՞ որ կարոտն էլ է տարածվում օդի միջոցով ու տարածվում է լույսի արագությունից էլ արագ: Չես նկատե՞լ, երբ մարդ ուժգին կարոտում է՝ հուզմունքից նրա քիթը խոնավանում է ու առատ փսլինք է արտադրվում, այսինքն՝ լիքը վիրուս:
— Ցնդելու բան է: Ասում ես՝ դա էլ մերժեցի՞ն:
— Բա ինչ արեցին: Դեռ ասացին, որ էլ իրենց կողմերը չերևամ:
— Թշվառ սինլքորներ: Բա հիմա ի՞նչ պիտի անես:
— Պիտի տրամադրվեմ ու Գյուտերի գործակալության բոլոր աշխատողներին թունդ կարոտեմ:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երգիծաբան, անդրանիկագետ
2020թ.